Բաժիններ՝

ԱՄՆ հետախուզության զեկույցը. Համայն հայությունը պահանջում է հողերի վերադարձը Թուրքիայից

Վերջերս Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի կողմից արված հայտարարությունը Թուրքիայից հողային պահանջի մասին արժանացավ աշխարհասփյուռ հայության մեծ ուշադրությանը և թուրքական կառավարության խիստ քննադատությանը: Չնայած սա առաջին անգամն էր, որ մի հայ պաշտոնյա բարձրացրել էր այս հարցը 1991 թ. երկրի անկախությունից ի վեր, սակայն պահանջն ինքնին նոր չէ: Հայերը տասնամյակներ շարունակ ձգտում են վերստանալ իրենց պատմական տարածքները Թուրքիայից:

Կենտրոնական հետախուզական վարչության կողմից գաղտնազերծված 1943 թվականի մի գաղտնի փաստաթուղթ բացահայտում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը քաջատեղյակ է եղել հայկական պահանջներին՝ «վայրագությունները» ճանաչելու և թուրքական գրավյալ «նահանգները» վերադարձնելու մասին:

Կենտրոնական հետախուզական վարչության նախորդի՝ Ռազմավարական  ծառայությունների վարչության (ՌԾՎ) հեղինակած 1943 թ. դեկտեմբերի 13-ի փաստաթղթում ասվում է. «Միացյալ Նահանգներում հրատարակվող ամբողջ հայկական մամուլը աշխույժ է՝ իր ընթերցողների հիշողության մեջ թարմ պահելու թուրքական կողմի կազմակերպած հայկական ջարդերը: Վախենալով, որ այս պատերազմի [Երկրորդ համաշխարհային պատերազմի] գերմանական վայրագություններն ի վերջո  կմթագնեն նախորդ պատերազմի վայրագությունները, նրանք ուզում են վառ պահել Հայկական հարցն ընդդեմ Թուրքիայի: Հայերն ունեն ինչպես ներկայիս, այնպես էլ անցյալի բողոքներ Թուրքիայի հանդեպ, որտեղ ունեցվածքի հարկի՝ «Վառլիքի» ծանր բեռն ավելի շատ դրված է հայերի, քան Թուրքիայում ապրող որևէ այլ փոքրամասնության վրա: Հայության աչքին առավել աններելի է այն փաստը, որ Թուրքիան պահում է այն նահանգները, որոնք, ըստ նրանց հաստատ համոզման, իրավամբ պատկանում են Հայաստանին: Համայն հայության նպատակն է այս նահանգները վերադարձնել Հայաստանին»: ՌԾՎ-ի փաստաթղթի մեկ այլ հատվածում ճշգրտորեն հաղորդվում է, որ «հայերը, գրեթե առանց բացառության, ամենախորը կասկածանքի, թշնամանքի և վախի զգացումներ են տածում» Թուրքիայի հանդեպ:

1944 թ. հուլիսի 31-ին թվագրված երկրորդ գաղտնազերծված փաստաթուղթը զարմանալի վերնագիր է կրում. «Դաշնակները թեքվում են դեպի Խորհրդային Ռուսաստան»: ՌԾՎ-ն նշում է, որ «երբեմնի անզիջող հակախորհրդային Հայ Յեղափոխական դաշնակցությունը (դաշնակ) պաշտոնապես փոխել է իր կողմնորոշումը և թեքվել դեպի Խորհրդային Միությանն աջակցելու ուղղությամբ, որն աստիճանաբար ավելի ակնառու դարձավ վերջին մի քանի ամիսների ընթացքում և իր գագաթնակետին հասավ խորհրդամետ քաղաքականության ընդունմամբ հուլիսի առաջին շաբաթում Բոստոնում կայացած Դաշնակցության տարեկան համագումարում»: ՌԾՎ-ի այս զեկույցը պատրաստվել էր այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը հայտարարել էր իր մտադրության մասին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո պահանջել Թուրքիայի արևելյան նահանգները (Կարսը, Արդահանը և Սուրմալուն): Խորհրդային այս պահանջն աջակցություն ստացավ Հայկական եկեղեցու, Խորհրդային Հայաստանի կառավարության և Սփյուռքի, այդ թվում՝ հակախորհրդային Հայ Յեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) կողմից:

ՌԾՎ-ն խորաթափանց կերպով հայտարարեց. «Դաշնակներն իրականում երբեք էլ չեն հրաժարվել իրենց երազանքից ունենալու ազատ և անկախ Հայաստան, այդ թվում՝ թուրքական չմիացված տարածքը, որը լարվածության մեջ էր պահում նրանց ԽՍՀՄ-ի հետ, 1920 թվականին Հայաստանի՝ որպես խորհրդային [անընթեռնելի] ստեղծումից ի վեր… Անկախության տեսլականի նվաղումով, այժմ խորհրդամետ դաշնակներն իրենց ուշադրությունը շրջում են դեպի Հայաստանի թուրքական նահանգների ձեռքբերմանը Խորհրդային Հայաստանի Հանրապետության կողմից»:

Բացատրելով ՀՅԴ կուսակցության հետպատերազմյան ակնկալիքները, ՌԾՎ-ն ասում է. «Եթե Թուրքիան,ինչպես դաշնակները հույս ունեն և հավատում են, ըստ պարոն [Ջեյմս] Մանդալյանի [Բոստոնում գործող ՀՅԴ «Հայրենիք» թերթի խմբագիր], չեզոք մնա [Երկրորդ համաշխարհային պատերազմում], ապա այն մեծապես խոցելի կացության մեջ կհայտնվի  և իր չեզոքության հատուցումներից մեկը կլինի Թուրքահայաստանի զիջումը Խորհրդային Հայաստանին»:

ՌԾՎ-ի 1943 թվականի փաստաթուղթը նաև մի ընդարձակ զեկույց է պարունակում ամերիկահայ մամուլի վերաբերյալ, իր ուշադրությունը սևեռելով Միացյալ Նահանգներում հրատարակվող 17 հայկական թերթերից միայն վեցի վրա. «Հայրենիք» և «Ասպարեզ» (Դաշնակցական), դասակարգված որպես «աջակողմյան-ազգայնական», «Պայքար», «Նոր օր» (Ռամկավար) և «Երիտասարդ Հայաստան» (Հնչակյան), դասակարգված որպես «ազատական», և «Լրաբեր» (Ամերիկայի հայկական առաջադիմական լիգա), դասակարգված որպես «ձախակողմյան-կոմունիստական»: Վերջին երկու թերթերն այլևս չեն  հրատարակվում:

Ըստ ՌԾՎ-ի՝ «Հայրենիք» և «Ասպարեզ» թերթերը «խիստ ազգայնական, հակախորհրդային և հակակոմունիստական են», մինչդեռ «Պայքարը» «վճռականորեն դեմ է արտահայտվում դաշնակներին և նրանց սկզբունքներին: Ռամկավարները Խորհրդային Միության մեջ Հայաստանի ընդգրկումը ընդունում են որպես հայկական խնդիրների բավարարման լավագույն ելք և «Պայքար» թերթում տպագրված բազմաթիվ հոդվածներում գովաբանում են խորհրդային վարչակարգը Հայաստանում, հատկապես Հայ Առաքելական եկեղեցու հետ նրա ունեցած հարաբերություններում»:

ՌԾՎ-ի գնահատմամբ, 1943 թ. Միացյալ Նահանգների 95 հազար հայերը, որոնք հիմնականում բնակություն էին հաստատել Մասաչուսեթս, Նյու Յորք և Կալիֆորնիա նահանգներում, «բուռն հետաքրքրություն են դրսևորում իրենց հայրենիքի [Խորհրդային Հայաստանի] հանդեպ, բայց մի քանիսը, թերևս ոչ մեկն էլ չի վերադառնա այնտեղ»:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս