Բաժիններ՝

«Տխրահռչակ Լիսկան և իր ավազակախումբը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարել է, որ սյունեցիները համախմբվելու են ու պահանջելու են, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկեն: Նա ասել է, որ անձամբ ինքը և մի քանի պատասխանատու և պատվախնդիր սյունեցիներ համախմբվել են, որպեսզի «Սյունիքի պատմության աղբանոցը նետեն լիսկայությունը»:

 – Պարոն Հարությունյան, Սյունիքի մարզպետի փոփոխությունից հետո Սյունիքում ի՞նչ փոփոխություններ եք նկատում: Վախի մթնոլորտը Սյունիքում հաղթահարվա՞ծ է:

– Սյունիքում բարեբախտաբար վերջին երկու ամիսներին դրական փոփոխություններ ենք նկատում, և ես տեսնում եմ, որ դանակը իրոք ոսկորին էր հասել, և Սյունիքի վճռորոշ զանգվածը իր պատմական առաքելությունը պիտի կատարի: Իրոք որ փոփոխություններ կան, և վախի, սարսափի մթնոլորտը որոշակիորեն իր տեղը զիջում է: Ես բավարարված չեմ անշուշտ, որովհետև հունիսմեկյան սահմռկեցուցիչ ոճրագործությունից հետո միանգամից մեր ժողովուրդը, մասնավորապես Գորիսի քաղաքացիները պիտի ոտքի կանգնեին, բայց այն ժամանակ դեռ վախի մթնոլորտը զգալի էր: Հիմա այդ մթնոլորտը փոխվել է, եւ մոտ ապագայում Դուք բոլորդ կտեսնեք, որ տխրահռչակ Լիսկան եւ իր ավազակախումբը ըստ էության պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:

– Դուք ինչի՞ց ելնելով եք նման հայտարարություն անում, Սյունիքում շարժու՞մ է ձեւավորվում:

– Ես ուղղակի համոզված եմ, որ ՀՀ մտահոգ, պատասխանատվության զգացումով առաջնորդվող եւ վճռական եւ հանդուգն քաղաքացիների համախմբման միջոցով շատ շուտով մի հուժկու ալիք կբարձրանա: Ըստ էության, Գորիսում ազգային ազատագրական պայքարի ալիք է բարձրանալու, և Լիսկան ու իր բանդայի բոլոր անդամները, ընդհանրապես լիսկայությունը՝ որպես երեւույթ, կնետենք Սյունիքի պատմության աղբանոցը: Մասնավորապես ինքս Սյունիքի շատ լուրջ անհատականությունների հետ միասին համապատասխան քայլեր եմ մտադիր ձեռնարկել, և նախապատրաստվում ենք, որ առաջիկայում Լեռնահայաստանի մայրաքաղաք Գորիսից մինչև Սիսիան, Քաջարան եւ ամենուր անցկացնում ենք զանգվածային միջոցառումներ, եւ վերջապես մեր ժողովուրդը պիտի կարողանա ստանձնել իր որոշիչ դերակատարությունը, ինչպես դարեր շարունակ է եղել և 1988-ին: Այդ համոզմունքը ես ունեմ:

– Այսինքն,պահանջելու՞ եք, որ քրեական պատասխանատվության ենթարկեն Սուրիկ Խաչատրյանին, ըստ էության ո՞րն է լինելու Ձեր պահանջը:

-Այո, իհարկե, ցանկացած երկրի Սահմանադրության մեջ իշխանությունը պատկանում է ժողովրդին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն էլ է այդպես սահմանում, եւ իշխանության միակ աղբյուրը պետք է լինի հայ ժողովուրդը ոչ միայն ընտրությունների միջոցով, այլ հանրահավաքների եւ զանգվածային միջոցառումների միջոցով: Ժողովուրդը պետք է պահանջի եւ պարտադրի, որ հասնի արդարության… Քանի որ իրավապահները ապացուցում են, որ Հայաստանում մեր ժողովուրդը ոստիկանություն չունի, դատախազություն չունի եւ Ազգային անվտանգության ծառայություն էլ չունի: Մեր իրավապահները վաղուց ապացուցել են, որ իրենք իշխանության գործիքներն են ընդամենը: Եւ միայն խեղճ ու կրակ մարդիկ պիտի լինեն, որ նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցեն եւ նրանց տարիներով զնդանեն: Մենք տեսնում ենք՝ երբեմն-երբեմն հայտարարում են, որ հարյուր դոլարի համար այսինչյան այնինչին դատապարտում են: Ես հիմա հայտարարում եմ, որ Լիսկան անցած տարիների ընթացքում, զավթելով իշխանությունը, հովանավորվելով բարձր ղեկավարներից, ավելի քան 200 մլն դոլար է գրպանել, յուրացրել եւ գողացել մեր պետությունից եւ մեր ժողովրդից: Ես կարող եմ բերել մի քանի տասնյակ փաստեր: Այսօր էլ եմ բերում մի շարք փաստեր, և իրավապահ մարմինների ղեկավարները բերանները ջուրը առած սպասում են Սերժ Սարգսյանի հրահանգին ու կարգադրությանը: Իսկ հրահանգ կամ չի եղել, կամ էլ չի լինելու:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս