Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև քայլեր ձեռնարկել կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող աշխատանքներին, հանձնարարել է, դրանց միասնական տեսքի ապահովման նպատակով, ակտիվացնել աշխատանքները շինհրապարակները համապատասխան պաստառներով և անհրաժեշտ այլ պարագաներով կահավորելու ուղղությամբ:
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված քաղաքաշինթյան և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերված ինքնակամ շինարարության 3 դեպքի մասով կազմվել են համապատասխան արձանագրություններ, իրականացվել են նաև 3 ապօրինի շինության քանդման աշխատանքներ:
Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր ավտոմայրուղու և Ուլենցի-Ռուբինյանց փողոցները կապող ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին անդրադառնալով՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ Իսակովի պողոտայում երթևեկությունն Էջմիածին-Երևան ուղղությամբ վերականգնվել է, առաջիկայում կբացվի նաև երկրորդ ուղղությունը: Ուլնեցի-Ռուբինյանց հատվածում էլ ավարտվել են ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները:
Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքների որակի և ժամկետների նկատմամբ քաղաքապետի հանձնարարությամբ սահմանված է խիստ հսկողություն:
Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել ուղետարների վերանորոգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ընթացիկ ասֆալտապատման աշխատանքներ իրականացված փողոցների, ինչպես նաև մայրաքաղաքի մշակութային, կրթական, առողջապահական հիմնարկների հարակից փողոցների գծանշման աշխատանքներ: Ըստ այդմ, գծանշվել են 33 դպրոցների հարակից հատվածներ, տեղադրվել է 50 նոր, վերարանորոգվել 16 ճանապարհային նշան: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ շարունակվող հսկողությանը՝ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հայտ է ներկայացվել ավտոբուսային երթուղիների մրցույթին մասնակցելու նպատակով:
Երևանի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացման գործընթացի հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է ԶԼՄ-ներով և հնարավոր այլ միջոցներով իրազեկել հանրությանը հայտարարված մրցույթների և դրանց անցկացման վերաբերյալ:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև քայլեր ձեռնարկել կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշման հետ կապված քննարկումներ կազմակերպելու նպատակով ձևավորվող հանձնաժողովի աշխատանքներում շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչներին ներգրավելու ուղղությամբ:
Զեկուցվել է, որ շարունակվում են օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքները: Նախորդ շաբաթ պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանելու համար կազմվել է 90 վարչական արձանագրություն:
Քաղաքապետի հանձնարարությամբ օգոստոսի 1-ից 31-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիրը: Մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստ անցկացնող երեխաների առօրյան առավել բովանդակալից դարձնելու նպատակով կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ: Ծրագրի շրջանակում կանցկացվի նաև առողջապահական ակցիա:
«Հաշվի առնելով, որ օգոսոտոս ամիսը Երևանում, մշակությային միջոցառումների տեսանկյունից, համեմատաբար պասիվ շրջան է, իրենց հանգիստը մայրաքաղաքում անցկացնող մեր համաքաղաքացիների համար պետք է ապահովենք հնարավորին ակտիվ հանգիստ: Այդ նպատակով կազմակերպվող «Երևանյան ամառ» ծրագրի իրականացման ուղղությամբ պետք է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ այն բարձր մակարդակով կյանքի կոչելու համար: Ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կկազմակերպվի նաև առողջապաական ակցիա, որի շրջանակում մեր բնակչությունը հնարավորություն կունենա մի շարք ուղղություններով ստանալու անվճար բուժօգնության», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել ՀՀ սահմանամերձ գոտիներում և ԼՂՀ-ում երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների զորամասեր այցելությունները կազմակերպելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն