Աշոտ Մանուչարյան. Մենք ունենք ամիսուկես, մինչև փոթորիկները շատ ավելի ուժեղ կդառնան (տեսանյութ)

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով Երևանի հասարակական տրանսպորտի սակագնի հարցի շուրջ հասարակական լայն համախմբման և ընդվզման մասին, նշեց, որ «հուլիսյան ճեղքումը» երկրի մթնոլորտում ստեղծեց մեծ հույս, և Հայաստանի երիտասարդությունը «կայացրեց մի միջավայր, որը Հայաստանն է»:

Ըստ Մանուչարյանի` ժողովորդի ամբողջականացումը չափազանց կարևոր է այն իրավիճակում, երբ արտաքին ուժերը Հայաստանում ունեն հսկայական ազդեցություն, և եթե, օրինակ, Հայաստանի նախագահն ուզում է մանևրել` արտաքին քաղաքականություն վարելիս, կամ արտգործնախարարը որևէ հարցի վերաբերյալ ցանկանում է ասել «ոչ», շատ կարևոր է, որպեսզի իր թիկունքում ունենա ժողովուրդ, որը կգործադրի ճնշում:

Իսկ արդյոք այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորտի սակագնի վերաբերյալ  երկու օրվա ընթացքում հանդես եկավ երկու տրամագծորեն տարբեր ելույթներով, վկայո՞ւմ է այն մասին, որ Հայաստանը կառավարվում է միայն մեկ կենտրոնից` Բաղրամյան 26-ից (նախագահական նստավայրից), որտեղ էլ կայացվում են բոլոր որոշումները:

«Եթե անգամ մեր երկիրը կառավարվում է մեկ կենտրոնից, ապա այդ կենտրոնը հաստատ Բաղրամյան 26-ը չէ: Այդ կենտրոնը, որը կառավարում է մեր երկիրը, նրա կառավարման մեջ մտնում է նաև Բաղրամյան 26-ը, դա կառավարվող կետ է, ինչպես և պետական, քաղաքական համակարգի այլ կետերը»,- ի պատասխան ասաց Ա. Մանուչարյանը, ում կարծիքով, այս իրավիճակն, այնուամենայնիվ, հաղթահարելի է, և այժմ Հայաստանը պատրաստ է իսկապես անկախ Հանրապետություն ստեղծելու, քանի որ Հայաստանում գնալով շատանում է «ինքնուրույն մտածող» մարդկանց քանակը:

«Կարծում եմ` երիտասարդությունը, որը կարողացավ քաղաքապետարանին թափ տալ, շատ արագ կկարողանա մոբիլիզացնել մտավորականությանը, որը մի քիչ կրավորական է»,- ավելացրեց նա: Աշոտ Մանուչարյանը «խիստ երկրորդական» համարեց այն հարցը, որ տրանսպորտի սակագնի շուրջ զարգացումները ցույց տվեցին նաև իշխանության ներսում առկա հակասությունները:

«Իսկ ինչո՞ւ պետք է իրար չուտեն, ի՞նչն է մարդկանց միավորում իշխանությունում, միայն այդ ընհանրական հնարավորությունը` փող սարքելու: Եթե որևէ մեկը որոշեց իրենց խանգարել, պետք է միասնական դրան դիմակայեն, ուրիշ միավորող բան չկա: Հակառակը` ավելի շատ իրար պետք է հրմշտեն, որ ամեն մեկն ավելի մեծ կտոր պոկի, որովհետև գոյություն չունի ոչ մի այլ գաղափար, իդեալ կամ նպատակ»,- ասաց Մանուչարյանը:

Ըստ Աշոտ Մանուչարյանի` հասարակական շարժումները նոր թափ կստանան, քանի որ «առաջ մղող վիճակը շատ ուժեղ է»:

«Մենք ունենք մոտ մեկ ամիս կամ ամիսուկես ժամանակ, մինչև փոթորիկները շատ ավելի ուժեղ կդառնան, այդ ընթացքում Հայաստանը պետք է կայացվի որպես շատ կուռ, հստակ երկիր: Նախկինում մենք դա արել ենք մեկ-երկու շաբաթում, այնպես որ՝ ամիսուկեսը ծով ժամանակ է մեզ համար»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս