«Զվարթնոց» օդանավակայանի պետի եղբայրը հիվանդանոցում մահացավ
Այսօր հուլիսի 26-ին «Էրեբունու» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ Երևանի բնակիչ 64-ամյա Ցոլակ Թանգամյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, հուլիսի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել էին, որ կրծքավանդակի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ էր տեղափոխվել մի տղամարդ:
Կայքի փոխանցմամբ՝ հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամրիխանյանի և քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ, պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխված անձը 64-ամյա Ցոլակ Թանգամյանն էր, ով ըստ տեղեկությունների, Ղափանցյան փողոցի իր տան հյուրասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով իրեն պատկանող Сайга М/К տեսակի 7.62 մմ տրամաչափի հրազենով կրակել էր իր կրծքավանդակին:
Օպերատիվ-քննչական խումբը տանը հայտնաբերել էր հրազենը , 7.62 տրամաչափի պարկուճն ու փամփուշտը:
Կայքի տեղեկություններով, Թանգամյանը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի եղբայրն է: