Ոստիկանության ակադեմիայի դիմաց Toyota Prado-ի վարորդը բախվել է Ford Tranzit-ին. կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 14:00-ի սահմաններում Toyota Prado մակնիշի 87 ՍP 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, բախվել է երկաթյա գովազդային վահանակին, այնուհետև՝ Ford Tranzit 33 ԼD 284 համարանիշի ավտոմեքենային: Prado-ի վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը: Վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հատուկ փրկարարական ջոկատը, քանի որ Prado-ից դիզվառելիքի արտահոսք էր սկսվել և այն դադարեցվեց հրշեջների կողմից: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմում էին, որ Ford-ի վարորդը եթե ուշադիր չլիներ և ժամանակին ղեկը չթեքեր իր մեքենայի ուղղությամբ ընթացող Prado-ից, ապա հնարավոր է վթարը ողբերգական լիներ:
Այս պահին ժամանել են ճանապարհային ոստիկանութայն 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, որոնց կանչով վթարի վայր է ժամանելու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում մի քանի երիտասարդներ փորձում էին Prado-ի վրայից հանել համարանիշները, սակայն այն կանխվեց ճանապարհային ոստիկանների կողմից: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Կարճ ժամանակում վթարի վայր է ժամանել «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, ում գործակալությունում է գրանցված Prado-ն: