Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սպասում է իրավապահ մարմինների պատասխանին
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը չի հետևել Տիգրան Սարգսյանի օրինակին և չի դիմել իրավապահ մարմիններին ՝ պարզելու համար, թե ինչպես է իր անունը հայտնվել Կիպրոսի օֆշորային ընկերության բաժնետերերի ցուցակում: Այս մասին Galatv.am-ի հետ զրույցում ասել է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը:
Անդրադառնալով Կիպրոսի դատախազի արած հայտարարության այն մասին, որ հնարավոր չէ առանց մարդու իմացության նրան գրանցել օֆշորային ընկերությունում, մամլո պատասխանատուն ասել է. «Կիպրոսի դատախազը իր հայտարարության համար քննադատվել է Կիպրոսում, բայց ամեն դեպքում պետք է նկատել, որ նա իր հայտարարության մեջ ասել է, որ հնարավոր չէ, եթե գործարքը չի իրականացվել լիազորված անձի միջոցով կամ մեկ այլ ճանապարհով, բայց բոլորն այդ մեկ այլ ճանապարհով արտահայտությունը անտեսում են»:
Անդրեասյանն ասում է, որ Կճոյանը իր պաշտոնական դիրքորոշումը Արարատյան Հայրապետական թեմի տարածած հայտարարության մեջ արդեն նշել է և չի պատրաստվում որևէ այլ քայլ կատարել, այլ սպասում է իրավապահ մարմինների պատասխանին:
ԳԱԼԱ-ի դիտարկմանը, որ այս դեպքում խոսքը ոչ թե մանր ինչ-որ սկանդալի կամ սրբազանի անվան շուրջ պտտվող խոսակցության մասին է, այլ քրեական պատասխանատվության ենթարկվելու, Նոյեմի Անդրեասյանը պատասխանել է, որ սրբազանը վստահ է, որ ինքն անմեղ է, ուստի մտածելու կամ որևէ քայլ ձեռնարկելու պատճառ չունի: