Համայնքի ղեկավարը դատապարտվեց տուգանքի
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մ.Մելքոնյանի նախագահությամբ, Լոռու մարզի Նովոսելցովո համայնքի ղեկավար Ռուբեն Դավոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացնելը կամ վատնելը: Հուլիսի 1-ի դատավճռով նա դատապարտվել է տուգանքի Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի` 700000 դրամի չափով: Տուգանքի վճարման համար սահմանվել է 10 ամիս ժամկետ և թույլատրվել տուգանքը մաս-մաս վճարել նույն ժամկետում` ամիսը 70000 դրամի չափով: Ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Դավոյանը, 1996 թվականից աշխատելով որպես Լոռու մարզի Նովոսելցովո համայնքի ղեկավար, համայնքապետարանի հաշվեկշռում տրանսպորտային միջոց չունենալու պայմաններում 2010-2013թթ. ընթացքում համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր 513760 ՀՀ դրամ արժողության բենզին, որից 342 510 ՀՀ դրամ արժողության բենզինն օգտագործել է համայնքի խնդիրների լուծման նպատակով, իսկ մնացած զգալի չափերով` 171 250 ՀՀ դրամ ընդհանուր արժողության վառելանյութը, պաշտոնեական դիրքն օգտագոծելով` մասնավորապես՝ իր անձնական օգտագործման ավտոմեքենան լիցքավորելու միջոցով, ծախսել է իր կարիքների համար՝ յուրացման եղանակով հափշտակելով այն: Մինչ դատաքննությունն սկսելը ամբաստանյալ Ռուբեն Դավոյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ համաձայն է մեղադրանքի հետ. դատարանը բավարարել է միջնորդությունը: Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել է կատարածի համար, նախկինում դատապարտված չի եղել, վերականգնել է պատճառված վնասը, բնութագրվում է դրական՝ Լոռու մարզի մարզպետ Ա.Նալբանդյանի կողմից: Հաշվի է առնվել նաև, որ «նա, հանցավոր արարքը կատարելուց հետո գտնվելով ազատության մեջ, մինչ օրս զերծ է մնացել այլ հակաօրինական արարքներ կատարելուց»: