Ռուսաստանի հայերի միությունը նպատակ է հետապնդում նվազեցնել թեժացած կրքերը, կանխել դրանք ազգամիջյան հարաբերությունների հարթություն տեղափոխելու փորձեր
Ռուսաստանի հայերի միությունը ցավում է Ռուսաստանում խոշոր ավտովթարի արդյունքում 18 մարդու մահվան համար, ցավակցում նրանց ընտանիքներին, մեղձավորներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին զոհվածների և վիրավորների ընտանիքներին, ինչպես դա մշտապես իրականացվել է ՌՀՄ կողմից աղետների և դժբախտ պատահարների դեպքում:
Ինչպես արդեն ՀՀ լրատվամիջոցներին տեղեկացվել էր, Ռուսաստանի հայերի միությունը ավտովթարի պատճառ դարձած վարորդի գործի կապակցությամբ մի շարք քայլեր է ձեռնարկել, այդ թվում՝ հանդիպել է շահագրգիռ անձանց, պետական համակարգի և իրավապահ մարմինների ներկայացուցիչների, բեռնատար մեքենայի սեփականատեր ընկերության պատասխանատուների, ավտովթարից տուժածների, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների հետ, նպատակ հետապնդելով նվազեցնել թեժացած կրքերը, կանխել դրանք ազգամիջյան հարաբերությունների հարթություն տեղափոխելու փորձերը:
Ռուսաստանի հայերի միության իրավաբանական ծառայությունը առաջին իսկ օրվանից գտնվում է աշխատանքային շփումների մեջ ՌԴ քնչական և դատական մարմինների և գործող դատապաշտպանների խմբի հետ, այն հաշվով, որպեսզի դատական գործընթացը անցկացվի ՌԴ օրենքների տառին և ոգուն համապատասխան, պահպանելով ՌԴ օրենսդրության պահանջները, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային նորմերն ու մարդկային արժանապատվության սկզբունքները:
Ռուսաստանի հայերի միություն