Բաժիններ՝

Զորակոչիկ տեղափոխող ավտոբուսը Երևան-Գյումրի ճանապարհին վթարի է ենթարկվել, տուժածներ չկան

Քիչ առաջ ԳԱԼԱ հեռուստաընկերության գրասենյակ է զանգահարել մի քաղաքացի, ով տեղեկացրեց, որ այսօր զորակոչի հերթական օրերից էր Գյումրու զինկոմիսարիատում, և զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը անսարք է եղել, որն էլ Գյումրի-Երևան ճանապարհին վթարվել է:

«Ես զարմանում եմ ծնողների վրա, թե ինչպես թողեցին, որ իրանց երեխաները բարձրանան այդ ավտոբուս, հիմա ավտոբուսը, որը երեխաներին Երևան է տեղափոխել, ասում են վթարի է ենթարկվել»,- ասել է գրասենյակ զանգահարած քաղաքացին:

Տեղեկությունը ԳԱԼԱ-ն փորձել է ճշտել ՊՆ-ից, որտեղից փոխանցել են, որ իսկապես զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, սակայն ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ կարողացել է շարունակել իր ընթացքը: ՊՆ մամլո խոսնակը ասել է, որ ոչ մի լուրջ բան չի եղել, և բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

Այն հարցին, թե ավտոբուսը արդյո՞ք անսարք է եղել, Ա. Հովհաննիսյանը պատասխանել է.

«Վնասվել է արգելակման համակարգը, արգելակման խողովակը պայթել է, մեքենան երթևեկելի մասից դուրս է հայտնվել, բայց առանձնապես լուրջ բան չի եղել, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել»: Դեպքը տեղի է ունեցել Գյումրի-Երևան ավտոճանապարհին: ՊՆ մամլո խոսնակի փոխանցմամբ՝ զորակոչիկները ապահով հասել են Երևան:

 ԳԱԼԱ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս