Նյու Յորք նահանգում երկու ճախրասավառնակներ են բախվել. մեկ օդաչու է մահացել
ԱՄՆ Նյու Յորք նահանգում երկու ճախրասավառնակներ են օդում բախվել միմյանց, ինչի հետևանքով օդաչուներից մեկը զոհվել է։ Կործանված թռչող սարքի բեկորները փրկարարները հայտնաբերել են Սարատոգա շրջանի Էդինբուրգ քաղաքի հեռավոր հատվածներից մեկում իրականացված որոնողական գործողությունից հետո, NBC News-ին հայտնել են նահանգի ոստիկանությունից։
Բախման մասին ահազանգը ստացվել է ուրբաթ օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում։ Դեպքի վայր են մեկնել նահանգային ոստիկանության աշխատակիցները, անտառային ռեյնջերները և Սարատոգա շրջանի շերիֆի աշխատակազմի ներկայացուցիչները։ Որոնումների ընթացքում նրանք գտել են ճախրասավառնակներից մեկի բեկորներն ու օդաչուի մարմինը։
Զոհվածի ինքնությունը դեռևս չի հրապարակվում։
Երկրորդ ճախրասավառնակը բախումից հետո կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել Plateau Sky Ranch օդանավակայանում։ Դրա օդաչուն չի տուժել։ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) փոխանցմամբ՝ երկու թռչող սարքերում էլ մեկական մարդ է եղել։
FAA-ի տվյալներով՝ կործանված ճախրասավառնակը Schempp-Hirth Ventus մոդելի էր, իսկ երկրորդը՝ Schleicher AS24։
Էդինբուրգը ընդամենը 1,3 հազարից մի փոքր ավելի բնակչություն ունեցող փոքր քաղաք է, որը գտնվում է Նյու Յորք նահանգի կենտրոն Օլբանիից մոտ 87 կմ հյուսիս-արևմուտք գտնվող տարածքում։
Պատահարի քննությամբ զբաղվելու է ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB)։

