Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը
Եվրոպական խորհրդարանն այսօր ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել Եվրահանձնաժողովի առաջարկին, որով Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմաններ կստեղծվեն:
Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը սա ևս մեկ նշանակալից քայլ է համարել Հայաստան-Եվրամիություն գործընկերության համար:
Առևտրի ինքնավար միջացառումներ (Autonomous Trade Measures – ATM) սահմանելով Բրյուսելը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը ռուսական առևտրային սահմանափակումներից հետո:
Երևանին Բրյուսելի սպասվող աջակցության մասին «Ազատություն»-ը դեռ երեք ամիս առաջ էր հաղորդել, մեկ ամիս անց էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում ազդարարեց՝ Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանել:
Այս միջոցառումներն ազատականացնելու են Հայաստանից Եվրամիություն արտահանումների շուրջ 80 տոկոսը: Միաժամանակ այդ կարգավորումներն ուղեկցվում են որոշակի պայմաններով և միջոցառումներով՝ ուղղված Եվրամիության շուկայի պաշտպանությանը, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա:
Զեկույցի նախաբանում ամրագրված է, որ ԵՄ-ն վերահաստատում ՀՀ-ի հետ իր գործընկերությունն ամրապնդելու և Հայաստանի տնտեսությանն աջակցելու՝ իր հանձնառությունը․
«Այս հանձնառությունը լիովին համահունչ է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որի նպատակներից է, ի թիվս այլոց, աջակցել Հայաստանի՝ իր տնտեսական ներուժը զարգացնելու և ԵՄ-ի հետ ընդլայնված առևտրային համագործակցություն հաստատելու ջանքերին։ Սույն առաջարկը նույնպես համահունչ է 2025 թվականի դեկտեմբերին ընդունված ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգին, որով առևտրի դիվերսիֆիկացումը, սոցիալ-տնտեսական զարգացումը, կապակցվածությունը և դիմակայունությունը սահմանվել են որպես առանցքային առաջնահերթություններ։
Մինչև սույն առաջարկի ներկայացումը՝ ԵՄ-ն արդեն իսկ զգալի ֆինանսական և տեխնիկական աջակցություն է մոբիլիզացրել Հայաստանի համար 2024-2027 թվականների «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակներում՝ 270 մլն եվրոյի չափով։ Այս աջակցությունը մեծապես կենտրոնացած է կապակցվածության, դիմակայունության և բիզնեսի զարգացման ոլորտներում ներդրումների իրականացման, ինչպես նաև Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացմանը և նոր շուկաներում հայկական արտադրանքի առաջմղմանն աջակցելու վրա։
Հայաստանի նկատմամբ շարունակվող արտաքին տնտեսական ճնշումների պայմաններում Հանձնաժողովը պատրաստում է աջակցության փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն։ Անհրաժեշտ է այդ միջոցները լրացնել նպատակային առևտրի ազատականացման միջոցներով՝ հայկական արտադրողներին և արտահանողներին արագ և շոշափելի աջակցություն տրամադրելու, Միության շուկա նրանց հասանելիությունը բարելավելու, սահմանափակված երթուղիներից և շուկաներից առևտրային հոսքերի վերակողմնորոշմանը նպաստելու և Հայաստանի տնտեսությունն առավել դիմակայուն դարձնելու նպատակով»։
Բրյուսելի առաջարկը 324 ապրանքախմբի համար ազատ առևտրի հնարավորություն է նախատեսում: Եվրամիության հաշվարկներով՝ հայաստանցի գործարարները երկու տարվա ընթացքում Եվրամիությանն ընդհանուր 5.4 միլիոն եվրոյի չափով մաքսատուրք չեն վճարի: Եվրամիության գնահատմամբ՝ արտոնությունը կծածկի դեպի Ռուսաստան միրգ-բանջարեղենի արտահանումների 99 տոկոսը ու խմիչքների 91 տոկոսը:
Ռուսաստանն այս տարվա մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը։ Այս սահմանափակումները հաջորդեցին Երևանում անցկացված Եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։

