Անհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը
Ոստիկանությունը կանգնեցրել է ենթադրյալ կարգազանցին, որը ներթափանցել էր ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսի՝ Կալիֆոռնիա նահանգի Մալիբու քաղաքում գտնվող տան տարածքը, տեղեկացնում է NBC News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, սակայն այդ պահին Հարիսը և նրա ամուսինը՝ Դագ Էմհոֆը, տանը չեն եղել։
Ինչպես հայտնել է Հարիսի ներկայացուցիչ Էդուարդո Նեգրոնը, անհայտ անձը ներթափանցել է կալվածքի տարածք, սակայն անվտանգության աշխատակիցները նրան կանգնեցրել են, նախքան նա կհասներ տանը։ Հարիսը և Էմհոֆը շնորհակալություն են հայտնել անվտանգության ծառայության աշխատակիցներին և իրավապահներին արագ արձագանքի համար։
Լոս Անջելես շրջանի շերիֆի դեպարտամենտի տվյալներով, ուրբաթ մոտ ժամը 22:30-ին ահազանգ է ստացվել նստավայրի տարածքում գտնվող կասկածելի անձի մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները կապ են հաստատել տան մասնավոր պահպանության աշխատակիցների հետ։
Ոստիկանների ժամանման պահին խախտողն արդեն գտնվում էր տարածքից դուրս։ Ոստիկանության ներկայացուցիչները նախազգուշացրել են նրան և պահանջել լքել դեպքի վայրը, ինչից հետո նա կամավոր հեռացել է։ Ձերբակալություն չի իրականացվել։ Ոստիկանությունը կազմել է ապօրինի ներթափանցման մասին հաշվետվություն և հայտնել, որ կանխարգելման նպատակով կուժեղացնի շրջանի պարեկությունը։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ տարի կարգադրել էր դադարեցնել Հարիսի պահպանությունը Գաղտնի ծառայության կողմից։ Սովորաբար նախկին փոխնախագահները նման պահպանության իրավունք ունեն պաշտոնը թողնելուց հետո վեց ամսվա ընթացքում։
2008 թվականին Կոնգրեսը Գաղտնի ծառայությանը իրավունք էր ամրագրել պահպանել նախկին փոխնախագահներին, նրանց ամուսիններին և 16 տարեկանից փոքր երեխաներին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում։ Սակայն 2025 թվականի հունվարին այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր հուշագիր, որով Հարիսի պահպանությունը երկարաձգվում էր մինչև 18 ամիս։

