Հայկ Սարգսյանը 2018-ից ուզում էր օլիգարխ դառնալ. Փաշինյանը՝ իր թիմակցի՝ Շիշ բռնողի մասին
Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել։ Լավ կլինի, որ այդպիսի հայտարարություններից հետո ինչ-որ մեկը հայտնվի բանտում, ո՞վ՝ ով մեղավոր է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե իրեն ու Հայկ Սարգսյանին կապում է շատ երկար պատմություն։
«Ես իրեն ճանաչում եմ երեխա ժամանակներից, բայց նաև պիտի ասեմ, որ այդ դիրքավորումը քաղաքականության մեջ իմ տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկն է։ ՔՊ-ում նրա հետ հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ, որոնք հիմա հաստատված են օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՔՊ-ում Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ իմ սիրելի գործընկերը հենց 2018թ-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ունեցել:
«Իր հետ կապված եղել են բացահայտումներ, որոնք օրինական ուժի մեջ մտած վճիռներով են հաստատված, և կան քրեական գործեր: Լարվել է նրանից, երբ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է, որ կամ ինքը, կամ իր հետ փոխկապակցված մարդիկ եղել են ներգրավված, պարզվել է, որ ապօրինի պետհամարանիշներով է շրջել»,-նշել է նա:

