Թուրքիայի դրոշի վրա թքելու համար բրիտանացի զբոսաշրջիկ է ձերբակալվել
Թուրքիայի Ալանիա հանգստավայրում ձերբակալվել է 58-ամյա բրիտանացի զբոսաշրջիկ։ Նա մեղադրվում է թուրքական դրոշի վրա թքելու և պետական խորհրդանիշը վիրավորելու մեջ։
Թուրքական «DHA» լրատվական գործակալությունը հայտնել է, որ նա վիճաբանել է հյուրանոցի անձնակազմի հետ, ապա, ենթադրաբար, շրջվել և թքել է նախասրահում կախված դրոշի վրա։ Անձնակազմը դիմել է ոստիկանություն, որը ձերբակալել է տղամարդուն և տարել Ալանիայի դատարան։ Նա ձերբակալվել է թուրքական պետության խորհրդանիշը վիրավորելու կամ նսեմացնելու մեղադրանքով։
Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատնից դեպքի առնչությամբ դեռևս արձագանք չի եղել։ Թուրքիայի քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն՝ Թուրքիայի դրոշի նկատմամբ հրապարակայնորեն անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը համարվում է հանցագործություն և կարող է պատժվել մինչև 3 տարվա ազատազրկմամբ։

