ՆԳՆ կրթահամալիրում շահագործման է հանձնվել ուսանողների կացության նոր մասնաշենքը
Առավել բարեկեցիկ և ժամանակակից պայմաններ՝ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների կեցության համար․ շահագործման է հանձնվել կացարանային նոր մասնաշենքը։
Սեպտեմբերի 8-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է մասնաշենքի բացման արարողությանը։ Ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, նախարարության և կրթահամալիրի ներկայացուցիչներ։
Նախարարը շրջել է նոր մասնաշենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ուսանողների համար ստեղծված կեցության պայմաններին։
Կացարանային այս մասնաշենքը կահավորված և հագեցած է ուսանողների առօրյան լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ գույքով ու հարմարություններով։ Բացի հարմարավետ սենյակներից՝ ստեղծվել են ընդհանուր օգտագործման և կենցաղային նշանակության տարածքներ, որոնք հնարավորություն կտան պատշաճ կազմակերպելու ուսանողների կեցությունը, ուսումնառությունն ու հանգիստը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ նոր մասնաշենքի գործարկումը կարևոր քայլ է կրթության գործընթացի շարունակական բարելավման ուղղությամբ։
Նախարարը նշել է, որ ուսանողների մշտական ներկայությունը կրթահամալիրում հնարավորություն կտա առավել լիարժեք ներգրավելու ուսումնառության գործընթացում, ձևավորելու սոցիալական կապեր և սերտ հաղորդակցություն հաստատելու մյուս սովորողների՝ իրենց ապագա գործընկերների հետ։ Համատեղ ուսումնառությունն ու կեցությունը, Արփինե Սարգսյանի խոսքով, կնպաստեն նաև ծառայողական միջավայրին առավել հեշտ հարմարվելուն, արդյունավետ փոխգործակցությանը և թիմային աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունների ձևավորմանը։
Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ կրթահամալիրի զարգացմանն ուղղված ներդրումների առանցքային նպատակը ՆԳ նախարարության համակարգի՝ մասնագիտական կադրերի պահանջարկի ապահովումն է։ Ըստ նախարարի՝ կրթահամալիրի շրջանավարտները պետք է իրենց մասնագիտական գործունեությունը շարունակեն ՆԳՆ համակարգում՝ համալրելով առկա թափուր հաստիքները և ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելով համակարգի կարիքներին։
Կրթական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ակտիվորեն շարունակվում են նաև ՆԳՆ կրթահամալիրի այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։ Արփինե Սարգսյանը տեղում ծանոթացել է նաև դրանց ընթացքին և առաջիկա անելիքներին։
ՆԳ նախարարը հետևել է նաև ապագա պարեկների՝ մեքենավարման և մասնագիտական այլ հմտությունների կատարելագործմանն ուղղված գործնական պարապմունքներին, ծանոթացել ուսուցման ընթացքին։
Արփինե Սարգսյանը կարևորել է գործնական պատրաստության շարունակական կատարելագործումը՝ ընդգծելով դրա նշանակությունը մասնագիտական գիտելիքների ամրապնդման և ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարման տեսանկյունից։
Ապագա պարեկները նախարարին ներկայացրել են նաև իրենց դիտարկումներն ու կարծիքները ուսուցման որակի, կիրառվող մեթոդների և կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների վերաբերյալ։

