Թրամփը Պուտինին ասել է՝ ի՞նչը կնպաստի ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների լիարժեք վերականգնմանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։
Առաջնորդները մտքեր են փոխանակել ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա ու Կիև կատարած այցերի արդյունքների վերաբերյալ․ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին հղումով։
Ուշակովը նշել է, որ Թրամփի հետ զրույցում Պուտինը բարձր է գնահատել ԱՄՆ միջնորդական ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու համար։
Թրամփը, իր հերթին, հայտարարել է, որ իր նախագահության ընթացքում հետաքրքրված է ուկրաինական կարգավորման հարցում առաջընթացով։
Թրամփը Պուտինին ասել է նաև, որ ուկրաինական հակամարտության ավարտն անմիջապես հեռանկարներ կբացի ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լիարժեք վերականգնման համար:

