Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է

Մարմարա ծովում՝ Ստամբուլի Սիլիվրի շրջանի ափերից մոտ 18 ծովային մղոն հարավ, թուրքական դրոշով նավարկող երկու առևտրային նավ բախվել են միմյանց։

Ինչպես հաղորդում է թուրքական լրատվամիջոցները, Քոջաելիից Ալիաղա ուղևորվող «ALSU» քիմիական տանկերը բախվել է Իսկենդերունի նավահանգստից Քարադենիզ Էրեգլի ուղևորվող «Tuğberk İmamoğlu» բեռնատար նավին։

Նավերից մեկի՝ «Tuğberk İmamoğlu»-ի անձնակազմի 10 անդամի հետ կապ հաստատել չի հաջողվել, իսկ Թուրքիայի ծովային գործերի գլխավոր վարչության գնահատմամբ՝ նավը, հնարավոր է, խորտակվել է։ Թուրքիայի ծովային գործերի գլխավոր վարչության տվյալներով՝ ժամը 03:26-ին արբանյակային որոնողափրկարարական COSPAS-SARSAT համակարգով արտակարգ ազդանշան է ստացվել, որը պարզվել է՝ ուղարկվել է «Tuğberk İmamoğlu» նավի վթարային ռադիոփարոսից։

Ժամը 03:41-ին «ALSU»-ի նավապետը Նավերի երթևեկության ծառայությունների կենտրոնին հայտնել է, որ մոտավորապես ժամը 03:15-ին բախվել է իրեն անհայտ նավի։

«Tuğberk İmamoğlu»-ն չի արձագանքել որևէ կանչի, իսկ անձնակազմի անդամների բջջային հեռախոսներին կատարված զանգերը մնացել են անպատասխան։ Այդ հանգամանքներից ելնելով՝ Թուրքիայի ծովային գործերի գլխավոր վարչությունը ենթադրում է, որ նավը խորտակվել է։ Որոնողական աշխատանքների ընթացքում ծովի մակերևույթին հայտնաբերվել են «Tuğberk İmamoğlu»-ի փրկարարական միջոցները, այդ թվում՝ ազատ անկմամբ ջուր իջեցվող փրկանավակը, սակայն դրանցում անձնակազմի անդամներ չեն եղել։

Նավում գտնված 10 նավաստիներին դեռ չի հաջողվել գտնել։ Որոնողափրկարարական գործողությանը ներգրավված են 14 ծովային որոնողափրկարարական միավոր, մեկ ուղղաթիռ, ինչպես նաև վթարի մասնակից «ALSU» տանկերը։

Աշխատանքներն իրականացնում են Թուրքիայի Առափնյա անվտանգության գլխավոր վարչության և Առափնյա պահպանության հրամանատարության ստորաբաժանումները։ Նախնական զննությամբ «ALSU» նավի վրա տեսանելի վնասվածքներ չեն հայտնաբերվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930