Ռուսաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հարցերը
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանկարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը։
2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ Ռուսաստանի և Հնդկաստանի միջև փոխադարձ առևտրի ծավալն աճել է 8%-ով։
Մանտուրովի խոսքով՝ խնդիրն է ոչ միայն ավելացնել ապրանքաշրջանառության ծավալը, այլև դիվերսիֆիկացնել դրա կառուցվածքը։ Ռուսաստանից վառելիքի և հանքային պարարտանյութերի ավանդական մատակարարումներին զուգահեռ ընդլայնվում է գյուղատնտեսական արտադրանքի և պարենամթերքի, մեքենաշինության, մետալուրգիայի և անտառարդյունաբերության արտադրանքի առևտուրը։
Միևնույն ժամանակ, Հնդկաստանից Ռուսաստան ներմուծվում են դեղամիջոցներ, ագրոպարենային ոլորտի արտադրանք, արդյունաբերական հումք, սարքավորումներ և բաղադրիչներ, ինչպես նաև թեթև արդյունաբերության ապրանքներ։
Ռուսաստանի առաջին փոխվարչապետի կարծիքով՝ ապրանքաշրջանառության կայուն աճին նպաստող նոր գործոն կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը։ Դրա նախապատրաստումն այժմ ակտիվ փուլում է։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Ռուսաստանի և Հնդկաստանի գործարար շրջանակների միջև ուղղակի կապերի ընդլայնման հնարավորությունները։
Մանտուրովի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է խթանել բիզնեսի մասնակցությունը ցուցահանդեսներին և տոնավաճառներին։ Նա առանձնացրել է «Իննոպրոմ. Հնդկաստան» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը, որն առաջին անգամ կանցկացվի Նյու Դելիում՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նախօրեին։
Կողմերը քննարկել են նաև արդյունաբերական և էներգետիկ համագործակցության ընդլայնումը։
Ռուս-հնդկական հարաբերությունների ավանդական ուղղություններից է նաև ատոմային ոլորտը։ «Կուդանկուլամ» ատոմակայանի նախագծի շրջանակում հաջողված համագործակցությունը հիմք է ստեղծում փոխգործակցության ընդլայնման համար։ Խոսքը կարող է վերաբերել Հնդկաստանում նոր էներգետիկ հզորությունների, այդ թվում՝ փոքր հզորության օբյեկտների ստեղծմանը, ինչպես նաև սարքավորումների և միջուկային վառելիքի արտադրության տեղայնացմանը։
Անդրադառնալով հումանիտար համագործակցությանը՝ Մանտուրովը նշել է զբոսաշրջության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում փոխգործակցությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Հնդկաստանի համալսարանների միջև իրականացվում է համագործակցության ավելի քան 1000 համաձայնագիր։
Այս տարի Ռուսաստանում սովորող հնդիկ ուսանողների թիվը մոտեցել է 40 հազարի։

