Բաժիններ՝

Կարգազանցները լիցենզիայից կզրկվեն

karabakh-open.info-ի փոխանցմամբ՝ վերջին ամիսներին հանրության շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը որոշ շինարարական կազմակերպությունների բանվորների հասանելիք աշխատավարձը չվճարելն էր: Խնդիրն օրերս քննարկվել է ԼՂՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում: Խորհրդակցությանը մասնակցել են այն շինարարական կազմակերպությունների ղեկավարները, ովքեր պետական պատվերի շուրջ 70 տոկոսն են իրականացնում:

Արցախի հնարային հեռուստատեսությունը հաղորդել է, որ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կատարած մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ աշխատողներին կանոնավոր վճարում են 39 կազամակերպություն, 3 կազմակերպություն բանվորներին չի վճարել փետրվարից, 3-ը՝ մարտից, 8-ը՝ ապրիլից, 4-ը՝ մայիսից: Պարզվել է նաեւ, որ ընկերությունները լրացուցիչ կատարած աշխատանքների արդյունքում են պարտքեր կուտակել:

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի բացատրությամբ՝ հետաձգված վճարման պայմանով աշխատանքը ոչ բորոր կազամակերպություններն ի վիճակի եղան իրականացնել: Կառավարությունում կարծում են, որ շինարարության ոլորտից շահույթի արտահոսք կա, այդ իսկ պատճառով ազատ միջոցներ ընկերություններում չեն մնացել, եւ նրանք դիմել են պարտքերի. ընկերությունները պարտք են միմյանց, շինարարական խանութներին ու շինանյութ արտադրողներին, որոշներն էլ՝ աշխատողներին:

Իրավիճակից ելնելով նախագահ Բակո Սահակյանը երկու հանձնարարական է տվել. առաջին հանձնարարականը վերաբերում էր լրացուցիչ աշխատանքներն արգելելուն, իսկ երկրորդը՝ չվճարված աշխատավարձերին:

Ի կատարումն նախագահի հանձնարարականների՝ հաջորդ օրն իսկ կառավարությունը սկսեց գումարների փոխանցումը: Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը հանդիպեց պետական պատվեր իրականացնող շինկազմակերպությունների ղեկավարների հետ: Նախարարը հայտարարեց, որ կառավարությունը սկսում է աշխատավարձերի մարման նպատակով գումարների տրամադրումը, որը կազմում է 258 մլն. դրամ:

Կարեն Շահրամանյանի խոսքով, այսուհետ կատարողականների ընդունման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու աշխատավարձերի վճարման գործընթացին։ Ըստ այդմ էլ շինկազմակերպություններից պահանջվեց նախեւառաջ ստացած գումարներից կատարել աշխատավարձերի վճարումները: Քաղաքաշինության նախարարության տեսչական մարմիններն այդ հարցը պահելու են ուշադրության կենտրոնում: Կարգազանցներին սպառնացող պատժամիջոցների շարքում նշվեց նաեւ լիցենզիայից զրկումը: Նախարարն այդ հանդիպմանը ցրել է շինարարների շրջանում տարածված այն տեղեկությունը, թե պետությունը չի աջակցելու պետական երաշխավորությամբ ստացած վարկային ռեսուրսների մարման գործընթացին: «Կառավարությունն այդ մասով իր պարտավորությունները կատարելու է»,- շեշտել է Կարեն Շահրամանյանը:

Ըստ karabakh-open.info-ի՝Հանրապետությունում այս տարի պետական բյուջեի միջոցների հաշվին պետք է կատարվի ավելի քան 11 միլիարդ դրամի կապիտալ ներդրում։ Հուլիսի 1-ի դրությամբ իրականացված աշխատանքների արժեքն անցնում է 6 միլիարդի սահմանը: Հուլիսի 1-ի դրությամբ պետական բյուջեից ֆինասավորման ենթակա էր 1.5 միլիարդ դրամից ավելի աշխատանք: Դրա շուրջ 15 տոկոսը կազմում են այն գումարները, որ պետք է ուղղվեին աշխատավարձերին: 24 պարտապան կազմակերպությունների աշխատողներին ունեցած պարտքը ճշտված թվերով մոտ 258 միլիոն դրամ է: Այս գումարն արդեն փոխանցվում է ընկերություններին: Առաջիկա ամսվա ընթացքում պետական բյուջեից կապիտալ շինարարության ոլորտին ուղղվելու է ևս 1 միլիարդ 400 միլիոն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս