Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում, և Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի․ Նիկոլ Փաշինյան

«Չորրորդ Հանրապետությունը» հիմնադրված է, այն իրականություն է․ ԱԺ-ում Կառավարության 5-ամյա ծրագիրը ներկայացնելիս ասել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն իր ելույթի սկզբում նշել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության օգտին։

«Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառույթային նշանակությունը։ 1990 թվականին Հայաստանի անկախության հռչակման հիմքում դրված էր այն փիլիսոփայությունը, թե պետությունը մեզ հարկավոր է պատմական արդարությունը վերականգնելու համար, և այս ընկալումն արտահայտվել էր Ղարաբաղյան շարժմամբ։ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության գործառնական միակ նշանակությունն իր միջազգայնորեն ճանաչված 29․743 քառակուսի կիլոմետր տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն ապահովելն է, քաղաքացիների երջանկության համար միջավայր ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելը և զարգացնելը։ Հենց այսպիսի պետության և տեսլականի օգտին են քվեարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին»,- ասել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում․ «Եվ, ինչպես ասել եմ, 1990 թվականի Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի»։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն պիտի դադարեցնի Հայաստան փնտրել Ադրբեջանում, իսկ Ադրբեջանը պիտի դադարեցնի Ադրբեջան փնտրել ՀՀ-ում։

«Մենք ոչ միայն Ադրբեջանում, այլև Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրենք, Իրանում չպետք է փնտրենք, Վրաստանում չպետք է փնտրենք։ Երբ մենք հայրենիք ենք փնտրում մեր 4 հարևանների՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում, բացում ենք այն դուռը, որով նրանք իրենց հայրենիքն են փնտրում ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Ստացվում է՝ մենք փնտրում ենք 4 տեղ, իրենք 4-ով փնտրում են մի տեղ՝ մեր երկրում»,- ասել է նա։

Նա հիշատակել է նաև Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսելը․«Բոլորովին վերջերս Իսրայելի կառավարությունն ամենասուր վճռականությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման պրոցես սկսեց, ապա նույնպիսի վճռականությամբ կանգնեցրեց այդ պրոցեսը։ Մենք բոլորով տեսանք, ստիպված եղանք տեսնել՝ միջազգային խաղացողները, ներողություն ձևակերպման համար, մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում։ Մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանով կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում։ Մենք պետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման այս գործընթացին»։

Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցությանը․ «Իմ ընկալումն այն է, որ մենք ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվե կանցկացնենք պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ «ճանապարհային քարտեզ» ունենալուց հետո»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31