Փեզեշքիանն ընդունում է՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին «բազմաթիվ խնդիրներ» կան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է, որ երկիրը սոցիալական դժվարությունների է բախվում՝ Միացյալ Նահանգների հետ հակամարտության, ինչպես նաև Թեհրանի դեմ Վաշինգտոնի՝ նոր սաստիկ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների ֆոնին։
«Ես հասկանում եմ, որ այսօր մեր հասարակությունում բազմաթիվ խնդիրներ կան: Մենք փորձում ենք հնարավորինս կանխել դրանք», – այսօր պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում ասել է Փեզեշքիանը:
Նա ընդգծել է, որ կառավարությունը հանձնառու է նվազեցնելու գնաճը, որը լայն թափ է ստացել փետրվարի վերջին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների մեկնարկից և դրան հաջորդած իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումից ի վեր:
Փեզեշքիանը խոսել է նաև «ջրի, էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի, շրջակա միջավայրի և բանկային ոլորտի համակարգային խնդիրների» մասին:
Նախագահի խոսքով՝ 2024-ի հուլիսին՝ իր պաշտոնն ստանձնելուց ի վեր, Իրանը պատերազմի, պատժամիջոցների, քաղաքական ճնշումների և սպանությունների համակցությանն է բախվում։
Փեզեշքիանը համոզմունք է հայտնել, որ Իրանը կարող է դիմանալ ճնշմանը՝ նշելով, որ ժողովուրդը «դիմադրողականություն և համերաշխություն է ցուցաբերել»:

