Գեղարքունիքում վրաերթից մահացածն ու 6 վիրավորները զինծառայողներ են. 2-ի վիճակը ծանր է
Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։
Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո:
NEWS.am–ի տեղեկություններով նրանք ծառայում են Ճամբարակի զորամասում։ Զինծառայողներից մեկը տեղում մահացել է և արդեն մահացած է տեղափոխվել հիվանդանոց, 2-ի վիճակը գնահատվում է ծանր, 4-ինը՝ բավարար։ Բոլորը կոտրվածքներ են ունեցել և այժմ Մուրացանի զինվորական հոսպիտալում են։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

