ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցով միջանցք է կազմակերպել՝ օրական 10 մլն բարել նավթ դուրս բերելու համար․ Axios

ԱՄՆ զինված ուժերը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում գաղտնի կերպով նավարկության միջանցք են կազմակերպել Հորմուզի նեղուցով, որով օրական արտահանվում է շուրջ 10 միլիոն բարել նավթ։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Նրանց փոխանցմամբ՝ ամեն գիշեր 15-20 տանկեր է անցնում նեղուցի հարավային ջրանցքով՝ Օմանի ափամերձ գոտու երկայնքով։ Մատակարարումների այս ծավալը կազմում է նախապատերազմյան մակարդակի մոտ կեսը, սակայն արդեն նկատելիորեն մեղմում է նավթի արտահանման խափանումների հետևանքները և նպաստում համաշխարհային շուկայում մատակարարումների կայունացմանը։

Գործողությունը չի սահմանափակվում միայն նավթատար տանկերների ուղեկցմամբ։ Ամերիկացի զինվորականներն ապահովում են նաև դատարկ նավերի անցումը Արաբական ծովից դեպի Պարսից ծոց, որտեղ դրանք բեռնվում են նավթով, ապա վերադառնում նույն երթուղով։

Օպերացիան ղեկավարում է ԱՄՆ բանակի՝ Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգ ռազմաբազայի շտաբին կից հատուկ խումբը։ Այն համակարգում է Պարսից ծոցի երկրների հետ գործողությունները, ամենօրյա ռեժիմով կազմում նավերի ցուցակներն ու սահմանում դրանց անցման ժամանակահատվածները։ Տանկերային քարավանները հարավային ջրանցքով շարժվում են ամերիկյան զինվորականների ցուցումներով, իսկ ԱՄՆ ՌՕՈւ ռազմական ինքնաթիռներն ապահովում են իրանական ԱԹՍ-ներից և թևավոր հրթիռներից դրանց պաշտպանությունը։

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ գործողությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) երկշաբաթյա արշավից հետո, որի ընթացքում լուրջ վնասներ են հասցվել Իրանի ռադիոլոկացիոն համակարգերին և ծովային դիտարկմանմիջոցներին։ Արդյունքում, Թեհրանն այժմ սահմանափակ տեղեկատվություն ունի հարավային ջրանցքով նավերի շարժի մասին։

Ամերիկացի զինվորականները պնդում են, որ Իրանը փորձում է ԱԹՍ-ների և թևավոր հրթիռների կիրառմամբ հարվածներ հասցնել նավագնացությանը, սակայն բազմաթիվ հարձակումներ հաջողվում է հետ մղել։ Մասնավորապես, այս շաբաթվա սկզբին ԱՄՆ-ն խոցել է իրանական ութ անօդաչու թռչող սարք և երկու թևավոր հրթիռ։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում նեղուցով ամեն գիշեր անցել է 15-20 տանկեր։ Առանձին օրերի արտահանման ծավալը հասել է 15-20 միլիոն բարել նավթի, իսկ այս շաբաթվա գիշերներից մեկի ընթացքում նախատեսվում էր հարավային ջրանցքով տեղափոխել ավելի քան 20 նավ՝ շուրջ 15 միլիոն բարել ընդհանուր ծավալով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Axios-ին հայտնել է, որ Հորմուզի նեղուցով այժմ «հսկայական քանակությամբ նավթ» է անցնում։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ն այս պահին բանակցություններ չի վարում Իրանի հետ, քանի որ Թեհրանը, նրա խոսքով, «զուր ժամանակ է վատնում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31