Աբովյանի համայնքապետարանը մատնված է անգործության․ Գայանե Պապոյան
Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Աբովյանի համայնքապետարանը մատնված է անգործության!!
Մոտ մեկ ժամ առաջ դուրս եկա Աբովյանի քննչական բաժնից։ Ընդամենը մի քանի մետր էի հեռացել, երբ հենց քննչական բաժնի դիմացի այգում գտնվող 3-4 թափառող շներ հարձակվեցին վրաս։
Վազելով հետ եմ վերադարձել շենք և մտել առաջին հարկ։ Շները հետևիցս մտել են նաև շենքի ներս և շարունակել հարձակվել։
Բախտս բերեց, որ առաջին հարկում մարդ կար, ով օգնության հասավ և կարողացավ շներին դուրս հանել։ Եթե նշված անձն այնտեղ չլիներ, անկեղծ ասած՝ չգիտեմ, թե այս պատմությունն ինչ ավարտ կունենար։ Թեև չեմ բացառում նաև այսօրվա ստրեսից ինչ-որ հիվանդություն ձեռք բերելը, քանի որ դեռ չեմ կարողանում ուշքի գալ։
Ու հիմա հարց Աբովյան համայնքի ղեկավարությանը.
Ո՞վ է պատասխան տալու քաղաքի կենտրոնում թափառող շների խնդրի նկատմամբ այսպիսի անգործության համար։
Խոսքը պարզապես փողոցում շներ տեսնելու մասին չէ։ Խոսքը մարդկանց վրա խմբով հարձակվող շների մասին է։ Ընդ որում՝ պետական մարմնի՝ Աբովյանի քննչական բաժնի անմիջապես դիմաց, որտեղ ամեն օր տասնյակ մարդիկ են մուտք ու ելք անում։
Պե՞տք է անպայման որևէ մեկին կծեն, ծանր վնասվածք պատճառեն կամ ավելի վատ բան տեղի ունենա, որ պատասխանատուները վերջապես արձագանքեն։
Այսօր ես պարզապես բախտ եմ ունեցել, որ այնտեղ մարդ կար ու օգնեց։ Վաղը նույն տեղում կարող է երեխա լինել, տարեց մարդ կամ մեկը, ով պարզապես չի կարողանա փախչել, ավելին՝ շենքի 1-ին հարկում պարզապես կարող է նաև մարդ չլինել այդ ժամին, քանի որ 1-ին հարկում անձնագրային բաժանմունքն է, իսկ քննչականը 4-րդ հարկում է։
Աբովյան համայնքի ղեկավարությունից ակնկալում եմ ոչ թե հերթական պարզաբանումը, այլ անհապաղ և իրական գործողություններ»։

