ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնել են երկարաձգել Պակիստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը. Anadolu

ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնել են երկարաձգել 60-օրյա հրադադարի ռեժիմը, որը գործում է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ Համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է օգոստոսի 17-ին, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի կառավարության աղբյուրներին։

«Երկու կողմերն էլ միջնորդներին փոխանցել են իրենց համաձայնությունը սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ»,- հայտնել է բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրը։

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնն ու Թեհրանը դեռ չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչ ժամկետով է երկարաձգվելու համաձայնագիրը։ «Կողմերը հաղորդագրություններ են փոխանակում՝ երկարաձգման տևողությունը որոշելու համար»,- հավելել է աղբյուրը։

ԱՄՆ-ն ու Իրանը ապրիլին Պակիստանի միջնորդությամբ համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Ավելի ուշ՝ հունիսի 17-ին, կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և բանակցություններ սկսել վերջնական համաձայնագիր կնքելու շուրջ։

Հետագայում բանակցային գործընթացը կասեցվել է անվտանգության երաշխիքների և Հորմուզի նեղուցով նավարկության ազատության հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով․ դա համաշխարհային առևտրի և էներգակիրների մատակարարումների համար կարևորագույն ուղիներից մեկն է։

Հուլիսի 8-24-ն ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել։ Վաշինգտոնը հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իսկ Թեհրանը, իր պնդմամբ, պատասխան հարվածներ է հասցրել մի շարք արաբական երկրներում, դրանց թվում՝ Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին և տեխնիկային։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31