Իրարանցում խորհրդարանում. «Սպասի, ես Նիկոլի տեղը նստեմ, արի դու էլ կողքս նստի»

Այսօր Ազգային ժողովում մեծ իրարանցում էր: Մինչ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովը սկսվելը՝ ՀՀԿ-ական պատգամավորները նստելու տեղ էին փնտրում Նիստերի դահլիճում: Բանն այն է, որ ՀՀԿ-ականների նստատեղերը զբաղեցրել էին այդ քննարկմանը մասնակից արտասահմանցի հյուրերը:

Այդ հանգամանքից օգտվելով՝ ՀՀԿ-ականները մեծ ոգևորությամբ զբաղեցրին ընդդիմության՝ ՀԱԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցության պատգամավորների աթոռները՝ բարձրաձայն կատակելով. «Մի օր էլ մենք ընդդիմության տեղը նստենք…»:

Կարկառուն ՀՀԿ-ականներից մեկն էլ գործընկերոջն ասաց` «սպասի ,ես Նիկոլի տեղը նստեմ, արի դու էլ կողքս նստի»:

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը նստել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի տեղը: 168.am-ը համաժողովի ավարտից հետո Արտակ Դավթյանից հետաքրքրվեց, թե ո՞նց էր ընդդիմության աթոռներին նստելը: Ի պատասխան՝ նա նշեց. «Ես որևէ տարբերություն չզգացի` իշխանական աթոռի՞ն նստես, թե՞ ընդդիմադիրի. նույնն է: Նույնն է՝ հարմարավետության, տեսարանի առումով: Այնպես որ՝ տարբերություն չզգացի»:

Հարցին, թե ընդդիմադիր լինելու ցանկություն չառաջացա՞վ, նա պատասխանեց. «Դե դա ցանկությամբ չի լինում: Իշխանություն կամ ոչ իշխանություն լինելն ընտրություններով է պայմանավորված»:

Տեսանյութեր

Լրահոս