ԱՄՆ–ն ցանկանում է «ոչ ավանդական» մեթոդներով ուժեղացնել ճնշումն Իրանի նկատմամբ․ CNN
ԱՄՆ ռազմական հրամանատարությունը դիմել է վերլուծաբաններին` խնդրելով «ստեղծարար և ոչ ավանդական» եղանակներ առաջարկել Իրանի վրա ճնշում գործադրելու համար։
Ինչպես հայտնում է CNN-ը, համապատասխան հարցումն ուղարկել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության(CENTCOM) հետախուզական ստորաբաժանման սպան։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարցումը հուլիսի 29-ին էլեկտրոնային փոստով ուղարկվել է «ռազմական վերլուծաբանների լայն շրջանակի»։
CNN-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Կենտրոնական հրամանատարությունը խոստովանում է, որ պետք է վերանայի Իսլամական Հանրապետության նկատմամբ իր ռազմավարությունը և դիտարկում է բոլոր տարբերակները։
«Ի վերջո ԱՄՆ նախագահը գործարք կնքել կցանկանա, ուստի անդադար տարբերակներ է փնտրելու, թե ինչպես ճնշում գործադրել և դուրս գալ իրավիճակից… Երբեմն ստեղծագործ ուղեղներ են անհրաժեշտ, հատկապես, երբ ավանդական տարբերակները սպառվում են»։
Ռազմական պաշտոնյաներն այս խնդրանքը որակում են որպես նշան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավարար տարբերակներ չունի, որոնք կօգնեն ստիպել Իրանին գործարք կնքել ԱՄՆ պայմաններով։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ կանցկացնեն օգոստոսի 3-ին։

