Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների հայցադիմումի քննությունը հետաձգվեց 3 ամսով
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա» ընկերության և Առաջին լրատվական ընկերության հայցադիմումի գործով դատաքննությունն այսօր չսկսվեց: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, այսօր նշանակված դատական նիստը տեղի չունեցավ հայցվորներ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանի բացակայության պատճառով: Ա.Մելիքբեկյանը դիմել էր դատարանին՝ խնդրելով հայցադիմումի քննությունը հետաձգել մինչև հոկտեմբեր ամիսը, քանի որ ինքը գտնվում է ֆիզիոլոգիական արձակուրդի մեջ: Դատարանը բավարարեց միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչև հոկտեմբերի 7-ը:
Հայցվորները վիճարկում են 2012թ. նոյեմբերի 27-ին և 29-ին հրապարակված «Քոչարյանների րոպեավճարը» և «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտ»-ի հետ» հոդվածները: Հայցապահանջով հայցվորները պահանջում են 4 մլն դրամ հատուցում՝ արատավորող տեղեկություններ հրապարակելու համար, ևս մեկ միլիոն դրամ կողմը պահանջում է հատուցել որպես դատական ծախսեր, այդ թվում՝ փաստաբանի ողջամիտ վարձատրություն:
Ըստ պատասխանողների ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի ժամանակին հայտնած դիրքորոշման, «Առաջին լրատվականը» որևէ առնչություն չունի վիճարկվող հոդվածների հրապարակման հետ, ուստի ինքը չի կարող ներկայացնել ապացույցներ մի բանի մասին, որը գոյություն չունի: «Մենք այդ հոդվածները չենք տպագրել և չենք կարող պատասխանատվություն կրել դրա համար»,- հայտարարել էր պատասխանողի ներկայացուցիչը: Իսկ «Ժամանակ» օրաթերթն, ըստ պատասխանող կողմի ներկայացուցչի, հայցվորներին արատավորող որևէ տեղեկատվություն չի հրապարակել: Այդուհանդերձ, եթե հայցվորները դիմեին թերթին, իրենք կարձագանքեին: Մինչդեռ թերթին դիմել է անձը, որը որպես պատշաճ ներկայացուցիչ չի դիտվել, քանի որ դիմումին կցված չի եղել համապատասխան լիազորագիր: Կողմը միաժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է կնքել հաշտության պայմանագիր հայցվոր կողմի հետ, տպագրել հերքում, եթե հերքման տեքստը չի նվաստացնի լրատվամիջոցի պատիվը:
– See more at: http://www.pastinfo.am/hy/node/17941#sthash.JlVKExHX.dpuf