Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը ՊՆ քննչականի որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին

Հունիսի 2-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հետաձգել է հունիսի 24-ին, սակայն դա չի նշանակում, որ գնդապետին անպայման մեղադրանք է առաջադրվելու:

Այդ մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
ՊՆ քննչական ծառայության այդ որոշումը Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին:

Փաստաբանը նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազին բողոքարկելու պատճառը կայանում է նրանում, որ անարդյունավետ է համարում բողոքարկել Զինվորական դատախազին, «քանի որ վերջինս արդեն իսկ իր կարծիքը արտահայտել է քննիչի որոշման մասին»: Ալումյանը նշել է նաև, որ Զինվորական դատախազին չբողոքարկելու պատճառի մասին նշել է նաև Գլխավոր դատախազին ուղղված բողոքի մեջ:

Ի դեպ նշենք, որ Արտակ Բուդաղյանը գործով դեռ վկա է:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս