«Պետությունը դարձրել են լվացքատուն՝ փողեր են լվանում. սա արդեն պետության հիմքերը խարխլելու փորձ է, որն իրենց մոտ շատ լավ ստացվում է». Վահագն Սահակյան

Մայրաքաղաքում մեքենաների կայանատեղիների հարցը շարունակում է մտահոգել վարորդներին, հատկապես այն վարորդներին, որոնք «կարմիր գծերի» համար վճարումներն ամեն ամիս պարտաճանաչ անում են, սակայն, երբ հերթը հասնում է  մեքենան քաղաքի այս կամ այն հատվածում կայանելուն՝ բախվում են խնդրի։

Արդեն բազմաթիվ քաղաքացիներ են դիմել 168.am խմբագրություն, որ մայրաքաղաքում բոլոր խանութների, ոչ պետական գրասենյակների շենքերի դիմաց  մեքենա չեն կարողանում կայանել, քանի որ իրենց թույլ չեն տալիս՝ ասելով, որ այդ տարածքը խանութինն է կամ գրասենյակինը, հետևաբար՝ միայն այդտեղի աշխատակիցները կարող են մեքենան կայանել։

Ո՞վ պետք է պաշտպանի այն վարորդների իրավունքները, որոնք կայանատեղիի վճարն անում են, բայց կայանատեղիից այդպես էլ գրեթե ողջ ամսվա ընթացքում չեն օգտվում։ Խանութները կամ գրասենյակներն իրավունք ունե՞ն ամբողջ տարածքի կայանատեղին «իրենցով» անելու։

Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի խոսքով՝ իրականում ո՛չ Երևանի քաղաքապետարանն է օրենքով գործում, նկատի ունենալով «կարմիր գծերի» վճարների գանձումը, ո՛չ էլ խանութների կամ այլ հաստատությունների տերերը, որոնք տարածքը պահում են միայն իրենց համար։

Կարդացեք նաև

«Մենք այդ ճանապարհների համար առանձին ճանապարհավճար ենք վճարում, որի մեջ մտած է թե՛ երթևեկությունը, թե՛ կանգառը։ Իրենք առանձին կարգավորումներն են իբր դրան տվել, բայց միևնույն է՝ անօրինական է։ Չի կարելի մեկ ծառայության համար 2 անգամ վճարել. մեքենայի գույքահարկի մեջ նախատեսված է ճանապարհի վճարը, և մի հատ էլ առանձին վճարել մեքենան կայանելու համար այդ նույն ճանապարհին՝ անօրինականություն է։

Մեզ ուզում են բացատրել, որ եթե այդպես չանեն, մարդիկ մեքենաները կկանգնեցնեն ու կհեռանան, օրերով չեն վերադառնա, բայց սա ոչ Կառավարության, ոչ էլ Քաղաքապետարանի պատասխան չէ։ Եթե վարձել են մարդիկանց, որոնք աշխատում են մեր իսկ տված գումարներով ու չեն կարողանում կարգավորումներ անել, մի հատ էլ բարդացնում են մարդկանց կյանքը, ավելորդ գումար են վերցնում, որ այդ կարգավորումներն իրենց ձևով անեն, սա արդեն պետության հիմքերը խարխլելու փորձ է, որն իրենց մոտ շատ լավ ստացվում է»,- 168.am հետ զրույցում ասաց Վահագն Սահակյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ քաղաքապետարանն օրենք է խախտում, ոտնահարում մարդկանց իրավունքները, երբ սկսեց «կարմիր գծերի» համար վճարումներ դնել շրջանառության մեջ։

«Եթե համայնքը նման անօրինականությունն է թույլ տալիս, և Կառավարությունն աչքը փակում է, ապա սուպերմարկետն ու այլ հաստատությունն ինչո՞ւ չպետք է անեն։ Ով մարդու իրավունքները պաշտպանում է, նա իրավունք չունի այդ իրավունքները խախտել։ Երբ սկսում ես խոսակցություն վարել, բազմաթիվ անգամ եղել է նման խոսակցություն, պետական գերատեսչությունը սկսում է անցնել «խոհանոցային» խոսակցությունների, ասում է՝ ախր բա ի՞նչ անենք։ Ասում են՝ բա խանութի «կլիենտներն» ի՞նչ անեն, սա էլ այն դեպքում, երբ իրենք ժամանակին պարտավոր էին խանութի դեմ հարց դնել, եթե խանութ է կառուցում, ապա պարտավոր է կայանատեղի տրամադրել, այնպես, որ մյուսներին չխանգարեն։

Կրկնում եմ՝ այն, ինչ անում են,  անօրինական է։ Պետությունը դարձրել են «լվացքատուն»՝ փողեր են լվանում»,- հավելեց Վահագն Սահակյանը։

Շարունակելով միտքը, նա ասաց, որ հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում իրավիճակը նույնն է, ինչ Հայաստանում՝ նույն «գազանանոցն» է, իսկ քաղաքակիրթ երկրներում այս խնդիրը վաղուց են կարգավորել։

«Բայց մյուս կողմից էլ՝ մեր քաղաքացին էլ մեղք ունի, մեքենաները բերում ու կանգնեցնում են բակերում, նույնիսկ ավտոտնակների դիմաց, երբ ասում ես՝ խանգարում եք, զարմացած հարցնում են՝ բա ո՞ւր կանգնեցնենք մեքենան։ Այս հարցը ոչ թե ինձ պետք է տան, այլ պատկան մարմիններին։

Եթե պետական մարմինները չեն մտածում, գոնե մեքենա գնողը պետք է մտածի՝ որտեղ է կանգնեցնելու իր մեքենան։

Ամբողջ խնդիրը գալիս է նաև նրանից, որ մայրաքաղաքը շատ է խտացել, ի՞նչ գործ ուներ Երևանն՝ այսքան խիտ լիներ։ Տարիներ առաջ Հանրային խորհրդում ներկայացնելու համար մի ուսումնասիրություն եմ արել, հաշվարկել եմ, թե Երևանում ամեն մի բնակչին բաժին հասնող կանաչ տարածքը որքանով է պակաս թույլատրելիից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջով մեկ բնակչին պետք է բաժին հասներ 50 քմ կանաչ տարածք, բայց Երևանում 0,4 քմ է, պատկերացնո՞ւմ եք։ Իմ հաշվարկներով հանգել եմ այն մտքին, որ միջին ծավալով շարժիչով մեքենան օգտագործում է 80 հոգու թթվածին։ Ու այսքանից հետո կրկին շինթույլտվություններ են տալիս ամեն վայրկյան»,- շեշտեց նա։։

Վահագն Սահակյանի խոսքով՝ այս ամենից երևում է հենց Կառավարության բացակայությունը, սա Կառավարության բացակայության արդյունքն է, եթե լիներ՝ նման բան չէր լինի։ Իսկ սա նշանակում է, որ նրանք ժամանակավոր են, վաղը մյուսները չեն ընտրվի, կգնան այլ երկրում ապրելու, քանի որ այդ մարդիկ, որոնք ապրում են մյուսների նյարդերի ու թթվածնի հաշվին, նրանց երեխաները վաղուց այլ վայրերում տուն ունեն։

«Խնդիրը պետք է մշտապես բարձրացվի, թող ապացուցեն, որ օրենքով են գումար վճարում, ու ի՞նչ է  նշանակում՝ մարդը «կարմիր գծի» համար վճարի ու տեղ չունենա կայանելու, այս խնդիրն ի վիճակի չեն լուծելու»,- ընդգծեց Վահագն Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031