«Մոտենամ Փաշինյանին՝ ի՞նչ անեմ, պետք է կրկին «տղավարի» խոսք տա, ասի՝ «հորս արև», կանեմ, բայց գնա ու մոռանա». Փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայր

«Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով արդարադատությունը կարող է վերականգնվել միայն իշխանափոխությունից հետո»,- այս մասին 168.am հետ զրույցում ասաց Արա Մխիթարյանի հարը՝ Սամվել Մխիթարյանը, խոսելով Հայաստանում իշխանության վերարտադրության և որդու գործով արդարության հասնելու սպասումների մասին։

Սամվել Մխիթարյանը հուսահատ նշում է, որ պետք է ևս 5 տարի սպասել, մինչև Հայաստանում իշխանությունը փոխվի։

«Օգուտ չունի հիմա ինչ-որ բան սպասել։ Այն անգամ Նիկոլ Փաշինյանը եկել էր այստեղ, մարդիկ ասացին՝ արի գնանք, մոտենանք, հասկանանք՝ ի՞նչ է մտածում այս գործի հետ կապված, հրաժարվեցի։ Գնամ, մոտենամ՝ ի՞նչ անեմ, պետք է կրկին «տղավարի» խոսք տա, հետո ասի՝ «հորս արև», կանեմ, բայց գնա ու մոռանա։

Միլիոն տոկոս Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ մեղավորները կպատժվեն։ Դեռ երեխուս մահվան մեկ տարին չէր լրացել, նրա հետ երկու անգամ հանդիպել եմ, մի անգամ մարզպետի, պատգամավորի, քաղաքագլխի հետ։ Իսկ երկրորդ անգամ՝ մարզպետի մոտ, նրա կաբինետում, երկու հանդիպումներին էլ խոստում է տվել, թե պետք է նստեն ու դատվեն, բա ո՞ւր է դատը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը Տրդատ Սարգսյանին հանեց մարզպետի պաշտոնից ու դարձրեց պատգամավոր։

«Շատ վաղուց եմ ասել՝ այնպես արեցին, որ մոտիկ չգնամ։ Հարցրել եմ՝ ինչպե՞ս Տրդատը դարձավ պատգամավոր, պատասխանել է՝ չգիտի, իբր առանց իր գիտության է պատգամավոր դարձել։

Չգիտեմ էլ, երևի դատերն էլ են հանել, հիմա պետք է տեսնենք՝ ինչ ենք անելու»,- ընդգծեց Սամվել Մխիթարյանը։

Հիշեցնենք, 2019 թվականի սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում դաժան ծեծի հետևանքով մի քանի տարի կոմայի մեջ մնալուց հետո 2023-ին մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ, այժմ ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն  Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել նախորդ տարի փետրվարին, այնուհետև նորից ազատազրկվել էր։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), ինչպես նաև նույն օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ): Նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, մեղադրանք էր առաջադրվել միայն 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Երկու եղբայրներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել: Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը:

Դեպքի ժամանակ ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031