«Թողեք ապրեմ իմ տանը, այ ձեր հոր Աստծուն մեռնեմ». Անդրանիկ սարկավագ Մանուկյան
Արդեն մի քանի տարի է՝ «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը պայքարում է, որպեսզի իր սեփական տունը չփլվի, պատճառը տան հարակից հատվածում իրականացվող շինարարությունն է: Այս խնդրի մասին տեղյակ են բոլորը՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, սակայն շինարարությունը նույն տեմպով ընթանում է, տան հիմքերն էլ օրեցօր քանդվում են։
«Բեսպրեդել աշխատում են, իմ տան խնդիրը շարունակում է մնալ, այն աստիճանի են հասցնում, որ ես ինֆարկտ ստանամ ու մեռնեմ, այնպես են անում, որ մարդիկ իրենց տունը լքեն, ինչպես շատերին են արել։ Ցավալին այն է, որ այս խնդրի մասին տեղյակ է Նիկոլ Փաշինյանը, ու այս ամենն իր հսկողության տակ է։ Բազմիցս իրեն դիմել եմ, խնդրել եմ, ասել եմ՝ թող գա ու իր աչքով տեսնի։ ժամանակ է եղել, որ ինձ խնդրել է, որպեսզի ձայնս չբարձրացնեմ, ասել է՝ Տեսչական մարմինն իր աշխատակազմին կից կառույց է, խնդրին տեղյակ է, լուծում կտա։
Բայց չլուծեց՝ ընդամենը փափուկ բարձր էր դնում իմ գլխի տակ, որպեսզի իրենք դատարանի որոշումներով, ինչ-որ փորձագետների եզրակացություններով ասեն, իբր ամեն ինչ օրինական է։ Կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ անօրինական շինարարություն է ընթանում։ Քաղաքաշինության կոմիտեի կողմից դեռևս 2018 թվականին կա եզրակացություն, որով հորդորում են զերծ մնալ այս հատվածում շինարարությունից։
Մյուս գլխավոր փաստն այն է, որ Արթուր Մեսչյանը եղել է այս բակի բնակիչ և բողոքել է, որպեսզի այդ բազմաբնակարան շենքը չկառուցվի, բայց երբ դարձավ Երևանի գլխավոր ճարտարապետ, այս նախագիծը հաստատեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
Ըստ նրա, այս ամենին մանրամասն տեղյակ է երկրի ղեկավարը, և փոխանակ քայլեր ձեռնարկելու, անգործության են մատնված։ Ավելին՝ Անդրանիկ սարկավագն ասում է, որ եթե ուզում են տեսնել կոռուպցիա, հանցագործություն, անվտանգություն՝ կարող են այցելեն իրեն՝ ցույց կտա։
«Բարձրաձայնում եմ՝ համակարգը սպառնում է ինձ, իմ ընտանիքին, որպեսզի ես այստեղից աստիճանաբար հեռանամ։ Ավտոկայանատեղին քանդելուց հետո, ուղիղ 12 մետր բացվածք կա իմ տան ֆունդամենտի տակ։ Իմ տան հիմքերն աստիճանաբար քանդում են, վախենամ՝ փլատակների տակ էլ մնամ։ Մինչև իրենց ղեկավար դառնալը, ես եղել եմ, գործ եմ արել, մշակույթ եմ ներկայացրել ու շարունակում եմ, բանահավաքությամբ եմ զբաղվել, մինչև հիմա ո՞ւմ եմ վնաս տվել։ Ես ասում եմ՝ թողեք ապրեմ իմ տանը, այ ձեր հոր Աստծուն մեռնեմ։ Այդքան ազնիվ են, թող աշխատակազմով կամ Նիկոլ Փաշինյանը միայնակ գա իմ տուն, 2018 թվականից իրենց հետևից ընկած եմ։ Ի՞նչ է, ուզում են ինձ հեղինակազրկել կամ գնել՝ չեն կարող, չի ստացվելու»,- շեշտեց նա։
Սարկավագը նաև փոխանցեց, որ ժամանակ է եղել, որ իր ելույթները չեղարկել են զուտ նրա համար, որ ինքը բարձրաձայնել է իր խնդրի մասին։ Կամ եղել են համերգներ, երբ երգել է, սակայն հետո մոտեցել ու ասել են՝ բեմից որևէ ելույթ չունենա, որևէ քննադատություն չհնչեցնի։ Սրան էլ զուգահեռ՝ իր կնոջն են աշխատանքից հեռացրել։
«Բոլորին ասել եմ՝ եթե գան ձեր տունը քանդեն, դուք ձայն մի հանեք՝ ստրուկի նման ենթարկվեք»,- ընդգծեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

