Բաժիններ՝

Վինձորների դինաստիայի հայ հարսնացուն․ Էլեոնոր Էքսերջյանը կդառնա Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ

Հայազգի նկարչուհի Էլեոնոր Էքսերջյանը պատրաստվում է միանալ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին․ հայտարարվել է նրա և նախկին թագուհի Եղիսաբեթ II-ի քրոջ` Սնոուդոնի կոմսուհի արքայադուստր Մարգարետի թոռան՝ Սեմյուել Չատտոյի նշանադրության մասին․ գրում է The Armenian Report-ը։

28-ամյա Չատտոն նշանադրության մասին հայտարարել է Instagram-ի իր էջում՝ նշելով, որ ամուսնության առաջարկությունն արել է իր իսկ ձեռքով պատրաստած ճենապակյա մատանիով։

«Անչափ ուրախ եմ հայտնել, որ ես և Էլին նշանադրվել ենք։ Մենք անսահման երջանիկ ենք։ Ես նրան ամուսնության առաջարկություն արեցի սեփական ձեռքով պատրաստած ճենապակյա մատանիով», – գրել է Չատտոն։

Զույգը դեռևս հարսանիքի ամսաթիվ չի հայտարարել, սակայն բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանք նախատեսում են ամուսնանալ 2027 թվականի գարնանը։ Ըստ հրապարակումների՝ թագավոր Չարլզ III-ը ուրախությամբ է ընդունել լուրը։

Էքսերջյանը, որի ստեղծագործություններում ակնհայտ է հայկական սփյուռքի ազդեցությունը, միջազգային ճանաչում է ձեռք բերել որպես աբստրակտ նկարչուհի։ Նրա աշխատանքները ներկայացված են մասնավոր հավաքածուներում, այդ թվում՝ Լոնդոնի Redfern Gallery-ում։ Նա սովորել է Էդինբուրգի համալսարանում։ Հայրը՝ պրոֆեսոր Դեյվիդ Էքսերջյանն, արվեստաբան է, իսկ մայրը՝ Սյուզան Մուրը, արվեստի քննադատ՝ «Financial Times»-ում։

Էքսերջյանը զբաղվում է նաև կինոյով։ Վերջերս նա նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Երևակայական բնապատկերներ» (Imagined Landscapes, 2024)։ Լոնդոնի David Messums Fine Art Gallery պատկերասրահում անցկացված վերջին ցուցահանդեսի ընթացքում նշվել է, որ ֆիլմը «պատմում է նրա առաջին այցի մասին Հայաստան՝ մի բնաշխարհ, որը նա` որպես Մեծ Բրիտանիայում մեծացած և իր հայկական արմատներով հետաքրքրված մարդ, միշտ պատկերացրել էր, սակայն երբեք չէր տեսել»։

2026 թվականի մայիսին և հունիսին Messums London-ում անցկացվել է Էքսերջյանի՝ «Մենք ենք մեր սարերը» (We Are Our Mountains) խորագիրը կրող առաջին անհատական ցուցադրությունը, որտեղ ներկայացվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության բնապատկերները պատկերող գեղանկարներ, ինչպես նաև ֆիլմ և ձայնային ինստալացիա։

Չատտոն նույնպես ընտրել է արվեստի ուղին՝ այն նախընտրելով թագավորական պարտականություններին։ Նա ստեղծում է ինչպես կիրառական, այնպես էլ քանդակային կերամիկական գործեր։ Վերջերս նա Ճապոնիայում ավարտել է ուսուցումը վարպետ խեցեգործ Յագի Ակիրայի մոտ։

Չատտոն և Էքսերջյանն իրենց հարաբերությունները հանրայնացրել են 2021 թվականին։ Վերջին տարիներին նրանք միասին մասնակցել են մի շարք թագավորական և մշակութային միջոցառումների, այդ թվում՝ Սանդրինգհեմում թագավորական ընտանիքի Սուրբծննդյան հավաքին։ Նրանց ներկայությունը հավաքին մեծ ուշադրություն էր գրավել, քանի որ ավանդաբար թագավորական ընտանիքի չամուսնացած անդամներն իրենց զուգընկերներին չեն հրավիրում ամենամյա միջոցառմանը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սա ընկալվել է որպես նշան, որ զույգի հարաբերությունները թագավորական ընտանիքում համարվում են լուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031