Թրամփը մտադիր է տուրք սահմանել Հորմուզի նեղուցով բեռների անցման համար․ Semafor
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն մի քանի ամիս է, ինչ ձգտում է Հորմուզի նեղուցով բեռների անցման համար 20-տոկոսանոց տուրք սահմանել, և այժմ լրջորեն տրամադրված է կյանքի կոչել այդ նախաձեռնությունը։ Այս մասին հայտնում է «Semafor» պորտալը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն ներկայացուցչին։
«Դա հենց այն է, ինչ նա միշտ ցանկացել է, բայց մարդիկ փորձում էին նրան հետ պահել այդ քայլից։ Նրա համար սա միշտ եղել է ինտուիտիվ որոշում, և հիմա նա պարզապես վերադարձել է այդ գաղափարին»,- անանունության պայմանով հայտնել է պարբերականի զրուցակիցը։
«Semafor»-ի տվյալներով՝ տուրքի գանձման մեխանիզմի մանրամասները դեռևս մշակվում են։ Այս պահին հստակ չէ, թե ինչպես է գործելու նման համակարգը, և արդյոք Վաշինգտոնը խորհրդակցություններ է անցկացրել Պարսից ծոցի երկրների հետ, թե ոչ։
Ինչպես նշում է պորտալը, այս նախաձեռնությունը հակասում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարություններին։ Վենսը նշել էր, որ միջազգային ջրային ուղիները պետք է ազատ լինեն տուրքերից, իսկ Ռուբիոն ավելի վաղ միացել էր Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի հայտարարությանը, որը դեմ էր որևէ տուրքի սահմանմանը և նեղուցի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերին։
Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է վերահսկել Հորմուզի նեղուցի նավագնացությունը և դրա անվտանգության ապահովման դիմաց որպես փոխհատուցում ստանալ տեղափոխվող բեռների արժեքի 20%-ը։ Նեղուցով է անցնում նավթի համաշխարհային ծովային մատակարարումների մոտ մեկ քառորդը և հեղուկացված բնական գազի մատակարարումների շուրջ 20%-ը։

