Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ կվերականգնի հետախուզական ծառայությունը
Ճապոնիայի կառավարությունը կստեղծի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին կենտրոնացված հետախուզական ծառայությունը։ Ինչպես հաղորդում է «The New York Times» (NYT) պարբերականը, հատուկ ծառայության ստեղծման հարցում Տոկիոն արդեն իսկ խորհրդակցում է ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Գերմանիայի հետ՝ տեխնոլոգիաների, կադրերի և աշխատանքի կազմակերպման շուրջ։ Հատուկ ծառայությունների բարեփոխումը դարձել է Ճապոնիայի անվտանգության քաղաքականության լայնածավալ վերանայման մի մասը՝ Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքների ֆոնին։
Նոր կառույցն իր գործունեությունը պետք է սկսի արդեն մինչև դեկտեմբեր։ Այն անմիջականորեն ենթարկվելու է երկրի վարչապետ Սանաե Տակաիչիին։ Ծառայության նախնական կազմում կլինեն մի քանի հարյուր աշխատակիցներ, այդ թվում՝ կիբերանվտանգության մասնագետներ, ծրագրային ապահովման ինժեներներ և վերլուծաբաններ։ Ծառայության բյուջեն գնահատվում է 400 միլիոն դոլար։ Այն համակարգելու է ոստիկանության, Պաշտպանության նախարարության, ԱԳՆ-ի և այլ գերատեսչությունների՝ հետախուզությամբ արդեն իսկ զբաղվող շուրջ 33 հազար աշխատակիցների գործունեությունը։
Ամերիկյան հատուկ ծառայություններն օգնում են Ճապոնիային մշակել կիբերպաշտպանության, արդյունաբերական լրտեսության հակազդման, օտարերկրյա ներդրումների և օտարերկրյա հետախուզական ծառայությունների գործունեության վերահսկման համակարգեր։ «Սա շատ կարևոր քայլ է։ Վարչապետն այս բարեփոխումը դարձրել է իր առաջնահերթությունը»,- հայտարարել է Ճապոնիայում Ավստրալիայի դեսպան Էնդրյու Շիրերը, ով նախկինում գլխավորել է Ավստրալիայի ազգային հետախուզությունը և խորհրդատվություն տրամադրում ճապոնական իշխանություններին։
Ավելի վաղ NYT-ն հայտնել է, որ 2022 թվականին Եվրոպայից ռուս հետախույզների զանգվածային արտաքսումից հետո նրանցից շատերը տեղափոխվել են Ճապոնիա։ Պարբերականի տվյալներով՝ Մոսկվան երկիրն օգտագործել է որպես սպառազինության արտադրության համար երկակի նշանակության բաղադրիչների գնման և արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հիմնական կենտրոններից մեկը։ Ուկրաինայի իշխանությունների գնահատմամբ՝ ռուսական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) շուրջ 90%-ը պարունակում է ճապոնական բաղադրիչներ։
Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան ընդունել է օտարերկրյա լրտեսության դեմ միջոցառումների խստացման անհրաժեշտությունը։ Այնուամենայնիվ, բարեփոխումը քննադատության է արժանացել Ճապոնիայի ներսում։ Ընդդիմադիր պատգամավոր Միձուհո Ֆուկուսիման հայտարարել է, որ վերջին ութ տասնամյակների ընթացքում ինքնուրույն հետախուզական ծառայության բացակայությունը եղել է գիտակցված ընտրություն՝ հիմնված խաղաղ պետություն մնալու Ճապոնիայի ձգտման և Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերի վրա։ Նրա խոսքով՝ նոր կառույցը ոտնձգություն է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ և ճանապարհ է հարթում դեպի համատարած հսկողության հասարակություն։
Միասնական հետախուզական ծառայության ստեղծումը դարձել է ճապոնական հետախուզական համայնքի խոշորագույն բարեփոխումը վարչապետ Շինզո Աբեի կառավարման ժամանակներից ի վեր։ Հենց նա էր, որ իշխանության գալուց հետո ամերիկյան մոդելով ստեղծեց Ազգային անվտանգության խորհուրդը։ Տակաիչին, ում համարում են նրա քաղաքական հաջորդը, շարունակում է այս կուրսը։ Նա նաև հասել է պատերազմից ի վեր ռազմական ծախսերի ամենամեծ ավելացմանը և վերացրել է սպառազինության արտահանման սահմանափակումները։

