ԱՄՆ բանկերը մտավախություն ունեն, որ իրավիճակը կսրվի, եթե Վաշինգտոնը անցման վճար սահմանի Հորմուզի նեղուցում
Ամերիկյան բանկերը մտավախություն ունեն, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը կանցնի լայնածավալ էսկալացիայի նոր փուլ, եթե Վաշինգտոնը Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար տուրք սահմանի՝ դրանց բեռի արժեքի 20%-ի չափով։ Այս մասին նշվում է «Citibank»-ի վերլուծական տեղեկագրում, որը հայտնվել է «CNBC» հեռուստաալիքի տրամադրության տակ։
«Մենք կարծում ենք, որ ռազմական էսկալացիայի ռիսկը զգալիորեն կմեծանա, եթե այս հայտարարությունն իրագործվի»,- հեռուստաալիքը մեջբերում է զեկույցի հատվածը։
Բանկի վերլուծաբանները նաև հավանական են համարում, որ մաքսատուրքեր գանձելու Վաշինգտոնի որոշումը մեծացնում է ռիսկը, որ Իրանը կարող է դուրս գալ ԱՄՆ-ի հետ ստորագրած փոխըմբռնման հուշագրից դեռևս մինչև ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, որոնք նախատեսված են 2026 թվականի նոյեմբերի 3-ին։ «Նման սցենարի դեպքում նավթի գները ավելի երկար ժամանակ կպահպանվեն բարձր մակարդակի վրա»,- ասվում է փաստաթղթում։
Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկել Հորմուզի նեղուցում իրականացվող նավագնացությունը՝ նավերի անվտանգության ապահովման դիմաց որպես փոխհատուցում ստանալով դրանցով տեղափոխվող բեռների արժեքի 20%-ը։ Հորմուզի նեղուցով է տեղափոխվում նավթի համաշխարհային առևտրի ծավալների մոտ 25%-ը և հեղուկացված բնական գազի շուրջ 20%-ը։
Ամերիկյան առաջնորդի հայտարարությունների և Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման ֆոնին նավթի գները բարձրացել են վերջին շաբաթների ընթացքում արձանագրված ամենաբարձր մակարդակին։ Երեքշաբթի գիշերը լոնդոնյան ICE բորսայում 2026 թվականի սեպտեմբերյան մատակարարմամբ «Brent» տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը գերազանցել է բարելի դիմաց 85 դոլարը (2026 թվականի հունիսի 15-ից ի վեր առաջին անգամ)։

