Ընդդիմությունն ԱԺ–ում նստած ոչինչ չի կարող անել, իսկ մանդատները դնելու դեպքում արտահերթի շանս կա. Խոսրով Հարությունյան

Ես գտնում եմ, որ մանդատները վերցնելուց առաջ կամ վերցնելուն զուգահեռ պետք է հարց բարձրացվի ընդդիմության կողմից, թե որոնք են այն գործիքները, որոնցով օրենսդրորեն պետք է օժտված լինի Ազգային ժողովում ներկայացված ընդդիմությունը, որպեսզի կարողանա ապահովել հանրային կյանքի քիչ թե շատ բարենպաստ, հավասարակշռված ընթացքը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 10–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին հաջորդող հնարավոր զարգացումներին։

«Խնդիրը ոչ թե մանդատներ վերցնել, չվերցնելն է, այլ արդյոք հնարավորություն կա այսօր ստեղծված իրավիճակում բարձրացնել, սրել, հանրային դիսկուրսի առարկա դարձնել, որովհետև ես համոզված եմ, որայն, ինչ որ ես առաջարկում եմ, քաղաքական մեծամասնությունը չի ընդունելու։

Դարձրեք սա հանրային քննարկման առարկա, թող շարքային ցանկացած քաղաքացի հասկանա ձեր քաղաքական վեճը ինչում է կայանում, ինչու՞ եք դուք պահանջում այս որոշումների կայացումը։ Եթե քաղաքական մեծամասնությունը ասում է՝ ոչ, մենք ձեզ չենք ընդունում, դուք էլ ասում եք՝ խնդրեմ, մանդատները վայր դրեք, բոյկոտեք, այդ ժամանակ իրենք մնալու են 64 մանդատով։ Ի՞նչ է անելու, անելու է այն, ինչ որ պիտի աներ ձեր մասնակցությամբ։ Էլի կանի, բայց միայնակ, ու կստացվի որ լեգիտիմության առումով այդ Ազգային ժողովը կդառնա կաղ բադ։ Արդյո՞ք նմանկերպ կարելի էր հասնել արտահերթ ընտրությունների. Միգուցե։ Բայց եթե դուք այնտեղ լինեք, արտահերթ ընտրությունների մասին ընդհանրապես խոսք չի լինի»,–ասաց նա։

Զուգահեռ անցկացնելով գործող խորհրդարանի ընդդիմության հետ, Խոսրով Հարությունյանն ասաց. «Ես իրականում հիացած եմ նրանց գործունեությամբ, «Հայաստան» դաշինքի պատգամավորների գործունեությամբ, բայց ի՞նչ արդյունք տվեց։ Հենց դա էլ բերեց այս անձիշխանության ձևավորմանը։ Որովհետև Ազգային ժողովում քաղաքական փոքրամասնությունը իշխանությանը «ոչ» ասելու որևէ հնարավորություն չունի, Սահմանադրությունն էլ կփոխի, ամեն ինչն էլ կփոխի, ու դուք այնտեղ նստած ոչինչ չեք կարողանա անել։

Հիմա ես հարց եմ տալիս, նման խորհրդարանը մեզ պե՞տք է։ Ես ասում եմ ոչ, մի գնացեք այդ ճանապարհով։ Մինչդեռ եթե քաղաքական պրոցեսը դուրս գա փողոց, այսինքն բոյկոտելու դեպքում, ապա շանս կա գոնե արտահերթ ընտրության, որովհետև 64 հոգով չեն կարող փոխել Սահմանադրությունը, հետևաբար կարող է ստիպված գնա արտահերթ ընտրությունների, որը ընդդիմության համար նոր հնարավորություն է։

Արդյո՞ք այդ արտահերթ ընտրությունները ավելի այլանդակ չեն լինի, քան այսօրվանը, այդ հարցը օրինաչափ է, բայց դրա համար ընդդիմությունը պետք է պատրաստ լինի, օրինակ այս խախտումներին ընդդիմությունը պատրաստ չէր, ակնհայտ է պատրաստ չէր»,– ընդգծեց նախկին վարչապետը։

Հիշեցնենք, որ հունիսի 7–ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՔՊ–ն ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիր ուժերի բոլոր բողոքները՝ արդյունքները հայտարարելով վերջնական: Մինչ ընդդիմությունը հայտարարում է, որ պատրաստ է միավորվել և հայտարարում է պայքարի նոր փուլի նախապատրաստման մասին, հիմնական ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդը Գագիկ Ծառուկյանը, կալանավորվել է, մյուսը Սամվել Կարապետյանը, տնային կալանքի տակ է, երրորդի առաջնորդն էլ անցնում է մի քանի քրեական գործերով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031