Բաժիններ՝

«Բացում եմ իմ թատրոնը՝ անընդհատ բետոնե պատի հետ կռիվ տալը հոգնեցրել է. Ինչ-որ պալատների ակնկալիք չունեմ. կարևորը թատրոնն է, շենքը երկրորդական է». Հակոբ Ղազանչյան

Հունիսի 3-ին Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի տարեդարձի օրը բեմ բարձրացավ  նրա ռեժիսուրայով Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Ապրիր, քանի դեռ ապրում ես» պիեսը։

Ներկայացման հերոսուհին ժամանակին Հայաստանի հայտնի երգչուհիներից է եղել, սակայն արդեն 30 տարի ապրում է Լոս Անջելեսում։ Պատմությունը սկսվում է նրա 60-ամյակի օրը, երբ նա անհամբեր սպասում է երեխաների այցին, սակայն նրանք չեն գալիս՝ զբաղված լինելով իրենց առօրյա խնդիրներով և աշխատանքով։

Հերոսուհու քույրը, որն աշխատում է բժշկական կենտրոնում, առաջարկում է հոբելյանը նշել այնտեղ։ Այդ պահից սկսած՝ կենտրոնում խաչվում են տարբեր մարդկանց ճակատագրերը, բախվում են կյանքի պատմություններն ու արժեքները, ծնվում են նոր հարաբերություններ, նոր սեր։ Ներկայացումը պատմում է սիրո, հույսի և կյանքի հանդեպ հավատը չկորցնելու մասին՝ հիշեցնելով, որ մարդը կարող է սիրել, երազել և ապրել լիարժեք կյանքով՝ անկախ տարիքից, երբեք ուշ չէ սիրելու, երազելու և կյանքն ամբողջությամբ ապրելու համար։

Կարդացեք նաև

Այս պիեսն առաջին անգամ բեմադրվել է Թբիլիսիում՝ Շոթա Ռուսթավելու անվան թատրոնում՝ Ռոբերտ Ստուրուայի հրավերով, 3 տարի առաջ։ Երևանում բեմադրելու պահն էլ հասունացավ դրանից 3 տարի հետո։

«Թբիլիսիի համար մենք պիեսը տեղայնացրեցինք: Ոչ միայն պիեսը թարգմանվեց վրացերեն, այլև ամեն ինչ դարձրեցինք վրացիների մասին։ Մինչև հիմա այնտեղ անշլագով խաղում են այս ներկայացումը: Այժմ էլ տուրի են դուրս եկել ողջ Վրաստանով: Երևանում չէի բեմադրել և շատ ուզեցի բեմադրել, մտքումս անընդհատ կար: Եվ հիմա, քանի որ իմ թատրոնն եմ բացում, որոշեցի թատրոնի խաղացանկում ընդգրկել այն։ Սա մեկնարկայինը չէ, երեք ներկայացում արդեն ունենք։ Եվս երկուսն ամառվա ընթացքում կունենանք, մոտ վեց ներկայացումով ու պատրաստի խաղացանկով կբացենք թատրոնը»,- ներկայացման պրեմիերայից հետո 168.am հետ զրույցում նշեց Հակոբ Ղազանչյանը։

Այնուհետև Հակոբ Ղազանչյանը մանրամասնեց, թե ինչու է որոշել բացել իր առանձին թատրոնը, շեշտելով՝ ուզում է անկախ լինել։

«Իմ կյանքում, այսինքն՝ անկախ Հայաստանում, շատ եմ տեսել ոչ կոմպետենտ մարդկանց ղեկավար պաշտոնում և այդ ոչ կոմպետենտ մարդկանց միջամտությունը թատերական կյանքին։ Ես արդեն հոգնել եմ։

Հիմա շատ հուսադրող է Տիգրան Վիրաբյանի նշանակումը ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում, նա, այնուամենայնիվ, թատրոնի ծնունդ է: Թատրոնի տնօրեն է եղել և թատրոնի խնդիրները գիտի: Բայց մինչ այդ անընդհատ էքսպերիմենտներ են արվել՝ թատրոնները պետք է փող աշխատեն, թատրոնները պետք է գեղարվեստական ղեկավար չունենան, թատրոնները պետք է այսպես լինեն, այնպես լինեն: Անընդհատ այդ բետոնե պատի հետ կռիվ տալն արդեն հոգնեցրել է։ Հիմա ես անկախ, մասնավոր թատրոնում կաշխատեմ:

Վերջերս նայում էի դեռևս 15-20 տարի առաջ տված իմ հարցազրույցներից մեկը, նույնիսկ այն ժամանակ այսպիսի նախադասություն եմ ասում, որ երազում եմ ունենալ իմ թատրոնը, որտեղ ես կլինեմ և՛ բեմի բանվորը, և՛ ղեկավարը, և՛ պահակը, և՛ դեկորատորը։ Հիմա ես վերջապես որոշեցի այդ քայլն անել»,- հավելեց ռեժիսորը։

Հակոբ Ղազանչյանն ասաց, որ Պարոնյան թատրոնից անձայն է հեռացել, չի ունեցել որևէ կոնֆլիկտ, որևէ մեկն իրեն չի ասել՝ գնա։

«Ես ինքս որոշեցի գնալ։ Եվ հիմա բացում եմ իմ թատրոնը: Ու փառք Աստծո, այստեղ արդեն ոչ մի նմանատիպ միջամտություն, ինչի մասին խոսեցի, չի լինի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է թատրոնի բացման հետ կապված դժվարություններին, հատկապես, որ թատրոնը շենք չունի այս պահին, Հակոբ Ղազանչյանն ասաց, որ ընկերներ շատ ունի, որոնք կտրամադրեն իրենց բեմերը, հետո կա հովանավոր։

«Ես ինչ-որ պալատների ակնկալիք չունեմ։ Կարևորը թատրոնն է, շենքը երկրորդական է։ Թատրոնի անվան մասին առայժմ չեմ ուզում խոսել, սպասենք՝ ամենաշատը երկու շաբաթվա ընթացքում պաշտոնական բացում կանենք և ամեն ինչ կասենք։

Ինչպես տեսաք, բեմում պրոֆեսիոնալներ էին Արթուր Կարապետյանն ու Լարիսա Ղևոնդյանը, մնացած կազմը «Գալյա Նովենց» թատերական դպրոցի իմ ավարտական կուրսի ուսանողներն են: Նրանք կլինեն նոր թատրոնի կորիզը։ Իմ բախտը բերել է, լավ կուրս ունեմ»,- ընդգծեց Հակոբ Ղազանչյանը։

Նշենք, որ ներկայացման ավարտից հետո Հակոբ Ղազանչյանը  «Գալյա Նովենց» թատերական դպրոցի ավարտական կուրսի շրջանավարտներին հանձնեց նրանց դիպլոմները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031