Որոշ բարեփոխումներ, անհրաժեշտ տարրերը բավարարելուց հետո կարող ենք անցնել վիզաներից ազատ ռեժիմի․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամկետներ չնշեց
«Վիզային ազատականացման համար պարզապես անհրաժեշտ է բարեփոխումների որոշ քայլեր, եթե դա ավարտվի, Դուք կընտրեք finish-ի գիծը»,- այս մասին այսօր ՀՀ Կառավարությունում Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, անդրադառնալով վիզային ազատականացման գործընթացի ժամկետներին, ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։
Նա նշեց, որ Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս ակտիվ վիզային ազատականացման երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ։ Նրա խոսքով, սա արդեն իսկ ցույց է տալիս ՀՀ-ԵՄ գործընկերության մակարդակը։
«Մենք ապրիլին հրապարակեցինք առաջընթացի գործողությունների ծրագրի հաշվետվություն, մենք գիտենք, որ Դուք նվիրված եք այդ օրակարգին, շնորհակալություն ենք հայտնում դրա համար, տպավորիչ է տեսնել այդ առաջընթացը, և գիտենք, թե հայ ժողովրդի համար որքան կարևոր է դա։ Գնահատման նոր առաքելություն կգա այս աշնանը՝ առաջընթացը և պրոցեսը գնահատելու համար։
Սա պրոցես է, որն առաջնորդվում է որոշ տարրերի նվաճմամբ։ Դուք լավ ուղու վրա եք, աշխատում եք, ես դա գիտեմ, բոլոր անհրաժեշտ տարրերը բավարարելուց հետո կարող ենք անցնել վիզաներից ազատ ռեժիմի։ Պարզապես անհրաժեշտ են բարեփոխումների որոշ քայլեր, եթե դա ավարտվի, Դուք կընտրեք finish-ի գիծը»,- ասաց Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

