ՌԴ–ն քննարկումներ է վարում այլ երկրների հետ՝ նավթամթերք ներմուծելու վերաբերյալ. Կրեմլ
Ռուսաստանը կապեր է հաստատում այլ երկրների հետ՝ նավթամթերքի հնարավոր ներմուծման համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե ընդունելի գների վերաբերյալ համաձայնություններ ձեռք բերվեն, դա տեղի կունենա։ Սա ևս մեկ քայլ կլինի շուկայի կայունացման ուղղությամբ՝ ուղղված պահանջարկի իրարանցումը հանդարտեցնելուն», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ ՌԴ կառավարությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում բենզինի հետ կապված ստեղծված իրավիճակը լուծելու համար։
«Ալեքսանդր Նովակը (ՌԴ փոխվարչապետ – խմբ.), ըստ էության, ամեն օր անձամբ է զբաղվում այս հարցերով։ Ե՛վ նախագահի մոտ խորհրդակցությունների ժամանակ, և՛ Նովակի մոտ ամենօրյա խորհրդակցությունների ժամանակ քննարկվում է վառելիքի շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը», – ասել է Պեսկովը։
Վերջին շրջանում Ռուսաստանում բենզինի դեֆիցիտ է նկատվում. բենզալցակայաններում կիլոմետրերով հերթեր են գոյանում։ 26 շրջանների, այդ թվում՝ Մոսկվայի մարզի իշխանությունները արդեն սահմանափակումներ են մտցրել վառելիքի վաճառքի վրա։

