Սյունիքի բոլոր յոթ համայնքներում մշակվել են համայնքային սոցիալական պլաններ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր մասնակցել է «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված սոցիալական ծառայություններ» ծրագրի ամփոփիչ համաժողովին։

Միջոցառմանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ։
«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված սոցիալական ծառայություններ» ծրագիրն իրականացվել է Սյունիքի մարզի տարբեր համայնքներում. այն նպաստել է մարզում համայնքահեն սոցիալական ծառայությունների համակարգի զարգացմանն ու որակի բարելավմանը, բնակչության համար դրանց հասանելիությունը՝ համատեղելով պետության, համայնքների և քաղհասարակության ջանքերը։

Համաժողովի բացման ելույթում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս ծրագիրը լավ օրինակ է, թե ինչ արդյունքների կարելի է հասնել, երբ պետությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիական հասարակությունը և միջազգային գործընկերները միավորում են իրենց ջանքերը մեկ ընդհանուր նպատակի շուրջ։

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար այս նախաձեռնությունն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ այն համահունչ է մեր կարևորագույն առաջնահերթություններից մեկին՝ համայնքների հզորացմանն ու հանրային ծառայությունների ապակենտրոնացմանը։ Մեզ համար ապակենտրոնացումը միայն լիազորությունների փոխանցում չէ։ Դա նշանակում է, որ համայնքները պետք է կարողանան առավել ինքնուրույն բացահայտել իրենց բնակիչների կարիքները, ձևավորել լուծումներ և մատուցել այնպիսի ծառայություններ, որոնք իսկապես անհրաժեշտ են տվյալ համայնքին»,-ասել է Ավետիսյանն՝ ավելացնելով, որ ծրագրի արդյունքում Սյունիքի բոլոր յոթ համայնքներում մշակվել են համայնքային սոցիալական պլաններ, ստեղծվել և փորձարկվել են նոր սոցիալական ծառայություններ, ավելի քան հազար բնակիչ ստացել է անհրաժեշտ աջակցություն, իսկ մի շարք հասարակական կազմակերպություններ արդեն շարունակում են ծառայությունների մատուցումը պետական ֆինանսավորմամբ։
Առնակ Ավետիսյանը վստահություն է հայտնել, որ Սյունիքում ձևավորված այս փորձը օգտակար կլինեի նաև Հայաստանի մյուս համայնքների համար և կնպաստի ավելի արդյունավետ, մարդակենտրոն և համայնքահեն սոցիալական ծառայությունների զարգացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930