Անքորիջում պայմանավորվածություններ չեն եղել, բայց քննարկվել են հակամարտության լուծման հնարավորությունները. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ալյասկայի Անքորիջ քաղաքում 2025 թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ պայմանավորվածություններ չեն եղել, փաստաթղթեր չեն ստորագրվել, սակայն քննարկվել են փոխզիջումներ և առաջարկներ՝ ուղղված ռուս-ուկրաինական հակամարտության լուծմանը։ Այս մասին նա ասել է «Վեստի» լրատվական ծառայության թղթակից Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։

Հակամարտության կարգավորման մասին խոսելիս ռուսաստանցի պաշտոնյաները հաճախ խոսում են «Անքորիջի ոգու» մասին։ Պավել Զարուբինի հետ հարցազրույցում Վլադիմիր Պուտինը փորձել է բացատրել, թե ինչ է դա նշանակում։

«Անքորիջում իսկապես որևէ պայմանավորվածություն չի եղել։ Անքորիջի ոգին, չնայած այն չի ամրագրվել որևէ պաշտոնական փաստաթղթում, ոչ ոք որևէ ստորագրություն չի դրել, սակայն Անքորիջում մենք քննարկել ենք որոշակի հնարավորություններ՝ ուղղված Ուկրաինայում ճգնաժամի ավարտին։ Եվ քննարկված փոխզիջումները հենց այն առաջարկներն էին, որոնք ամերիկյան կողմը մեզ ներկայացրել էր։ Մեզ խնդրել էին ընդունել ամերիկացի բանակցողների կողմից ձևակերպված փոխզիջումները։ Մենք մտածել ենք դրա մասին, և ոչ անմիջապես, բայց մենք եկանք Անքորիջ և ասացինք, որ համաձայն ենք», – ասել է Պուտինը՝ հավելելով, որ Մոսկվան ամերիկյան կողմից այլ դիրքորոշում չի լսել։

Հունիսի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես հայտարարել էր, որ Ալյասկայում երկու նախագահների հանդիպման ժամանակ եղել են առաջարկներ, սակայն համաձայնություն չի եղել։

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Կրեմլը սպասում է ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների Մոսկվա ժամանմանը՝ ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ երկխոսությունը շարունակելու համար։

Նա նաև ասել է, որ եթե գործը հասնի ռուս-ուկրաինական բանակցություններին, ապա հանդիպման վայր կարող է ծառայել Մինսկը։

Պուտինը Զարուբինի հետ զրույցում անդրադարձել է նաև երկրում բենզինի և դիզելային վառելիքի հետ կապված խնդիրներին, որոնք պայմանավորված են նավթավերամշակման օբյեկտներին ուկրաինական հարվածներով։ Նա նշել է, որ որոշակի դժվարություններ կան, բայց իրավիճակը «կրիտիկական չէ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930