Մանդատները, բացի բռնաճնշումից, ոչինչ չեն տալիս. մերոնք մինչև ԱԱԾ մեկուսարանով չանցնեն, մանդատի տեր չեն դառնա. Նարեկ Կարապետյան
Սահմանադրական դատարանը քննում է ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով ընդդիմադիր ուժերի ներկայացրած դիմումները:
Իսկ Սահմանադրական դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում 168.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց, որ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում է տեղի ունենալու՝ չնշելով, թե ո՞ր ուժերն են դրանք:
«Իրենց հետ ընդհանուր քննարկումների մեջ ենք: Իսկ հիմնական հարցը ձայների փոշիացման դեմ պայքարն է, որը բերել է նրան, որ այսօր իշխանությունը, ունենալով մինուս 50 տոկոս ձայն՝ 49 տոկոս, այսինքն, սահմանադրական մեծամասնություն չունենալով, փորձում է հնարավորություն գտնել վերարտադրվելու»,- նշեց նա:
Միաժամանակ, հարցին՝ արդյո՞ք նախընտրական շրջանում Ձեր նշած աղետները կարողանալու եք հաղթահարել, Նարեկ Կարապետյանը պատասխանեց, որ այսօր իշխանությունները հանրաքվե չեն կարող անել:
«Բայց եթե ՍԴ-ն գտնվի օրենքի գերակայության մեջ, մենք հնարավորություն ենք ունենալու նաև 3/5-ի սահմանափակումը կիրառել իշխանության դեմ: Եվ այս պարագայում շատ են սահմանափակված լինելու իշխանության հնարավորությունները»,- շեշտեց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է մանդատները վերցնել-չվերցնելուն, Նարեկ Կարապետյանն ասաց, որ ընտրություններին հաջորդած օրերին թիմի գրեթե մեծամասնությունը ցանկություն ուներ չվերցնել մանդատները, սակայն հետագայում մի քանի քննարկումներ են ունեցել:
«Որ վստահ ասեմ, թե արդեն ունենք նախանշված վերջնական ճանապարհ, չեմ կարող: Ժամանակի ընթացքում և ՍԴ որոշման, և մեր հետագա քայլերի պլանավորման արդյունքում, մենք հանդես կգանք հայտարարությամբ»,- հայտնեց նա:
Հարցին՝ արդյո՞ք ունեն իրենք ճանապարհային քարտեզ, որի շուրջ կարող են համախմբել ընդդիմադիր ուժերին, Նարեկ Կարապետյանը կրկնեց ձայների փոշիացման հետ կապված խնդիրը, որի պատճառով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մնում է իշխանության կամ փորձում է դա անել:
«Մենք պետք է պայքարենք ձայների փոշիացման դեմ, ընդդիմադիր ուժերի հետ դա ենք ուզում խոսել: Իհարկե, պետք է ընդունել մեր և մեր մյուս կոլեգաների քայլերի անհամապատասխանության հետ կապված հարցերը: Պետք է իրար հետ հասկանանք, թե ո՞ր քայլերն են օգնել այս իշխանությանն ավելի ուշ հրաժեշտ տալուն»,- ասաց նա՝ հավելելով, որ այն ուժերը, որոնք վստահ չեն, որ կանցնեն, չմասնակցեն ընտրություններին, եթե իրենք ուզում են այս իշխանության փոփոխությունը:
Արդյո՞ք խորհրդարանն արդյունավետ ուղի է Փաշինյանին հեռացնելու, Նարեկ Կարապետյանն արձագանքեց՝ փողոցի և օրենսդիրի համակեցությունը միակ ուղին է:
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի՝ Հայաստանից հնարավորության դեպքում գնալուն, նա վստահեցրեց. «Սամվել Կարապետյանը երկար պլաններ ունի ՀՀ-ում»:
Մանրամասները՝ տեսանյութում

