Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն իր հայկական արմատների մասին հուշագրություն կհրատարակի
Հայկական արմատներով դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Ջո Մանգանիելոն հայտարարել է, որ շուտով լույս կտեսնի իր Bloodlines հուշագրությունը։
Գիրքը կհրատարակվի հոկտեմբերի 13-ին Avid Reader Press հրատարակչատանը, ըստ հրատարակիչների՝ այն կլինի «խորապես անձնական և հուզական պատմություն»։
Իր հուշագրությունում Մանգանիելոն կպատմի աուտոիմունային բարդ հիվանդությունների դեմ պայքարի, ինչպես նաև իր ընտանեկան պատմության որոնումների մասին, որը նրան տարել է դեպի Հայոց ցեղասպանությունը վերապրած նախնիներ և օգնել հասկանալ ժառանգական տրավմաների ազդեցությունը հաջորդ սերունդների վրա։
Դերասանի մեծ տատը՝ Թերվիզ Դարակջյանը, հրաշքով վերապրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Նա կորցրել է ամուսնուն և 8 երեխաներին, բայց կարողացել է գոյատևել և պահպանել իր ընտանեկան պատմությունը։
Ջո Մանգանիելոն բազմիցս խոսել է իր հայկական արմատների մասին, այցելել է իր նախնիների պատմական հայրենիք և բացահայտ խոսել հիշողության և ընտանեկան պատմության պահպանման կարևորության մասին։

