ԵՄ-ում, արաբական երկրներում մեր միրգ-բանջարեղենը մեծ հետաքրքրություն է առաջացրել. Արարատ Միրզոյան
Մեր միրգ-բանջարեղենի հանդեպ մեծ հետաքրքրություն կա թե ԵՄ-ում, թե Թուրքիայում, թե Ասիայում: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայկական գյուղատնտեսական ապրանքների հանդեպ՝ մասնավորապես մրգերի, բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների նոր շուկաների փնտրտուքը իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ տեղերում, օրինակ՝ Եվրոպական Միության շուկայում, Կենտրոնական Ասիայում, Իրաքում, ինչպես նաև անմիջական հարևան երկրներից Թուրքիայում:
Փորձնական և գուցե նաև հետագայի պոտենցիալով արտահանում արվում է, չեմ կարող թաքցնել և իմաստ էլ չունի, այո, լոգիստիկ խնդիրներ առաջանում են, բայց այդ ամբողջը նայում ենք, կառավարում ենք, փորձում ենք օգնել բիզնեսներին, ես էլ եմ կարծում, որ այս մարտահրավերով հանդերձ մեր համար շատ մեծ հնարավորություններ ստեղծվեցին: Մեծ հաշվով տեղի է ունենում այն, ինչ մենք երկար ժամանակ խոսում և պլանավորում էինք, դա հայկական արտադրանքի բազմազանեցում է»,- նշել է Միրզոյանը:
Միրզոյանն ընդգծեց՝ վստահ է, որ վերջին մարտահրավերները Հայաստանում լուրջ ճգնաժամի չեն վերածվել, և թվերը դրա մասին են վկայում:

