1 տարում որքա՞ն արտաքին պարտք պիտի մարի Թուրքիան

Թուրքիայի Կենտրոնական բանկի (ԿԲ) հրապարակած տվյալների համաձայն՝ 2026-ի ապրիլի դրությամբ այդ երկրի կարճաժամկետ արտաքին պարտքի ծավալը նախորդ ամսվա համեմատ աճել է 3%-ով և հասել 171.6 մլրդ դոլարի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Միևնույն ժամանակ, մնացորդային մարման ժամկետի հաշվարկով՝ այսինքն՝ ներառյալ այն պարտավորությունները, որոնց մարմանը մնացել է մեկ տարի կամ ավելի քիչ ժամանակ, կարճաժամկետ արտաքին պարտքի ընդհանուր ծավալը կազմել է 242 մլրդ դոլար։

Կենտրոնական բանկի տվյալներով՝ բանկային հատվածի կարճաժամկետ արտաքին պարտքը մեկ ամսում աճել է 5.8%-ով՝ հասնելով 75.5 մլրդ դոլարի։ Թուրքիայի բանկերի՝ արտերկրից ներգրավված կարճաժամկետ վարկերի և արժեթղթային պարտավորությունների ծավալը ևս աճել է 4.1%-ով՝ կազմելով 8.7 միլիարդ դոլար։

Բացի այդ, արտասահմանյան բանկերի կողմից թուրքական բանկերում պահվող ավանդները 6.7% աճ են գրանցել և հասել 18.6 միլիարդ դոլարի։

Բանկերից բացի արտերկրում բնակվող անձանց և կազմակերպությունների արտարժութային ավանդները մեկ ամսում աճել են 1.9%-ով՝ հասնելով 22.2 մլրդ դոլարի։ Միաժամանակ, թուրքական լիրայով ավանդներն աճել են 9.2%-ով և կազմել 26 մլրդ դոլար։

Տնտեսության մյուս հատվածների կարճաժամկետ արտաքին պարտքը ևս աճել է՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով 2.8%-ով և հասնելով 71.4 մլրդ դոլարի։ Արտաքին առևտրային գործարքներից առաջացած առևտրային վարկային պարտավորությունները աճել են 1.3%-ով՝ կազմելով 64.4 միլիարդ դոլար, իսկ կանխիկ վարկերից բխող պարտավորությունները 19.6%-ով ավելացել են՝ հասնելով 7 մլրդ դոլարի։

Կարճաժամկետ արտաքին պարտքի կառուցվածքում նվազել է ԱՄՆ դոլարի և եվրոյի մասնաբաժինը, մինչդեռ թուրքական լիրայի և այլ արժույթների բաժինը աճել է։ Ընդհանուր պարտքի 34.8%-ը բաժին է ընկել դոլարին, 26.7%-ը՝ եվրոյին, 24.5%-ը՝ թուրքական լիրային, իսկ 14%-ը՝ այլ արժույթներին։

Մարման մնացորդային ժամկետի հաշվարկով կարճաժամկետ արտաքին պարտքի կառուցվածքում ավանդային պարտավորությունները հասել են 66.8 մլրդ դոլարի, իսկ վարկային և արժեթղթային պարտավորությունները՝ 74.9 մլրդ դոլարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930