Աշխարհի Լույսը
qahana.am-ը ներկայացնում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի հետ զրույցից հատվածներ:
Խավարը և լույսը
«Խավարը լույսի բացակայությունն է։ Խավարը գոյություն ունի այն ժամանակ, երբ լույսը բացակայում է։ Քրիստոս աշխարհի լույսն է: Նա եկավ, որպեսզի մեզ բոլորիս լուսավորի: Եթե մենք Նրա հետ ենք, լույսի մեջ ենք։ Ամեն անգամ հաղորդվելով Քրիստոսի կենարար Մարմնին և Արյանը, լույսն առնում ենք մեր մեջ: Մեր վարքով, կենցաղով, հավատքով պետք է այն վառ պահենք, այս խավար աշխարհում լուսատու լինենք, փորձենք լուսավորել մեր շրջապատը»։
Լույսի վերադարձը մեր կյանք
«Մարդը ստեղծվեց դրախտում՝ երանության, խաղաղության մեջ՝ վայելելով Աստծո ներկայությունը։ Երբ մարդը մեղք գործեց, արտաքսվեց այդ երանական վիճակից, կորցրեց խաղաղությունը, լույսը: Քանի որ մարդու մեջ կար Աստծուց մասնիկ՝ հոգին, այն սկսեց փնտրել Տիրոջը: Աստված փորձեց վերադարձնել Իր զավակին, և եկավ Միածին Որդին, որպեսզի մեզ լուսավորի։ Մարդը, որն արտաքսվել էր, կորցրել լույսը, այն գտավ Քրիստոսով, իր մեջ առավ Լույսին»:
Լույսի փնտրտուք
«Քրիստոսի մսուրում ծնվելը վկայություն էր, որ մենք ֆիզիկական լույսի փոխարեն պիտի փնտրենք հոգևորը: Մարդիկ փնտրում էին Մեսիային՝ նրան, ով պետք է գար մեծ զորքով՝ հաղթելու թշնամիներին։ Քրիստոս հնարավորություն տվեց վերադառնալու Աստծո արքայություն, որը հավիտենական է: Երբ հավատում ու ընդունում ենք Քրիստոսին, Նրանով էլ լուսավորվում ենք»։
Խավարը ցրելու ճանապարհ
«Մենք, ապրելով այս աշխարհում, ենթարկվում ենք ամենօրյա փորձությունների, ամեն օր մեղքեր ենք գործում՝ կամա թե ակամա և հայտնվում խավարի մեջ: Մարդու ֆիզիկական մարմինը ձգտում է մեղքի, որովհետև չարն իր մեղքը մատուցում է գեղեցիկ, գայթակղիչ: Քրիստոսին ընդունելով մեր մեջ որպես լույս, մենք կարող ենք խավարը ցրել: Մենք պետք է կարողանանք բոլոր փորձությունները հաղթահարել Քրիստոսով: Աշխարհի որդիները լույսի որդիներից հնարամիտ են, որովհետև փորձությունների են ենթարկվում և Տիրոջով կարողանում են հաղթահարել դրանք:
Աստված մեզ տալիս է միտք, բանականություն, հնարամտություն, կամք: Մենք ունենք հնարավորություն փրկություն գտնելու: Մեզ տրված է ազատ կամք ոչ թե մեղք գործելու, այլ մեղքից դուրս գալու համար: Քրիստոսի լույսը պետք է մեզ համար միջոց լինի խավարից դուրս գալու: Քրիստոսի կյանքը հստակ օրինակ է, թե ինչպես պետք է ապրենք։ Նա ասում է. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհաննես 14:6)։ Քրիստոս, լինելով կատարյալ Աստված, մարդացավ, որպեսզի մարդուն ցույց տա իրական քրիստոնյայի ճանապարհը»:

