Լիբանանը ինքնիշխան պետություն է և Իրանի խնամակալության կարիքը չունի. Լիբանանի նախագահ
Լիբանանը ինքնիշխան պետություն է և Իրանի խնամակալության կարիքը չունի, որը հետապնդում է սեփական շահերը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունը՝ մեկնաբանելով Բեյրութի հարավային արվարձանի ավիահարվածից հետո հունիսի 7-ին Իսրայելի ուղղությամբ իրանական հրթիռային հարձակումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ողջունում ենք Պարսից ծոցի բարեկամ պետությունների օգնությունը, սակայն Իրանի միջամտությունը հակամարտությանը՝ հանուն այնպիսի նպատակների հասնելու, որոնք չեն բխում լիբանանյան ժողովրդի շահերից, մեզ համար անընդունելի է: Պատերազմի շարունակումը ոչ մի օգուտ չի բերի, քանի որ մենք ընտրություն ենք կատարել հօգուտ բանակցությունների»,- նշել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ լիբանանցիները, որոնք ներդրում են ունեցել բազմաթիվ երկրների զարգացման գործում, ի վիճակի են ինքնուրույն՝ առանց իրանական խնամակալության, վերականգնել և ամրապնդել սեփական պետությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Աունը Իրանի ղեկավարությունից պահանջել էր դադարեցնել միջամտությունը Լիբանանի ներքին գործերին, որը դժվարին բանակցությունների ընթացքում հասել էր Իսրայելի հետ հրադադարի։ Նրա խոսքով՝ իրանցիները Լիբանանն օգտագործում են որպես սակարկության առարկա՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվելու համար, իսկ լիբանանյան ժողովուրդը վճարում է դրա գինը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին մերժել է միջամտության մասին մեղադրանքները՝ հայտարարելով, որ Լիբանանի իրական թշնամին Իսրայելն է։

