Հայաստան-Մոլդովա. Մելիքյանը խոստանում է նոր փորձարկումներ, Գրիգորյանը՝ հաղթանակ երկրպագուների համար
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 9-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին և կդառնա Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ թիմի հերթական փորձարկումներից մեկը՝ առաջիկա պաշտոնական մրցաշարերին ընդառաջ։
Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը վստահեցրել է, որ թե՛ ինքը, թե՛ թիմը պատրաստ են առաջիկա հանդիպմանը։
«Կարող եմ ասել, որ լավ մարզավիճակում եմ։ Պատրաստ եմ Մոլդովայի դեմ առաջիկա խաղին։ Թիմն էլ է լավ պատրաստվել։ Գիտենք, թե դաշտում ինչ պետք է անենք։ Ամեն ինչ անելու ենք մեր երկրպագուներին ուրախացնելու համար»,- նշել է Գրիգորյանը։
Ֆուտբոլիստի խոսքով՝ Մոլդովայի հավաքականը լուրջ մրցակից է, որի ուժեղ և թույլ կողմերը հայկական թիմն արդեն ուսումնասիրել է։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ընդգծել է, որ առաջիկա ընկերական հանդիպումները կարևոր նշանակություն ունեն թիմի զարգացման տեսանկյունից։
«Նման խաղային ժամանակացույց մեզ պետք էր, քանի որ աշնանն ընտրական փուլի հանդիպումների ժամանակացույցը նույնն է լինելու։ Այս խաղերը մեզ համար հնարավորություն են հասկանալու, թե որքանով պատրաստ կլինենք պաշտոնական մրցաշարերին»,- ասել է Մելիքյանը։
Մարզիչը նաև հայտնել է, որ Մոլդովայի դեմ խաղում խաղաժամանակ կստանան նորեկներ։
«Հասկանում եմ, որ հաղթանակ է պետք, բայց մենք ունենք նաև ապագայի նպատակներ, որոնց համար անհրաժեշտ են փորձարկումներ։ Ինձ պետք է տեսնել և ավելի լավ ճանաչել ֆուտբոլիստներին։ Մոլդովան խաղաոճով շատ նման է Կիպրոսին և Լատվիային»,- ընդգծել է նա։
Թեև վերջին տարիներին երկու հավաքականներն էլ չեն փայլել արդյունքներով, հանդիպումը կարևոր փորձություն է լինելու հատկապես Հայաստանի համար։ Մոլդովայի ընտրանին երկար ժամանակ հաղթանակ չի տարել և վերջին ընկերական խաղերում պարտվել է Լիտվային ու Կիպրոսին, ինչպես նաև ոչ-ոքի ավարտել Բուլղարիայի հետ հանդիպումը։ Հայաստանի հավաքականն էլ վերջին խաղում 1:1 հաշվով ոչ-ոքի էր ավարտել Ղազախստանի դեմ հանդիպումը, իսկ մարտին նվազագույն հաշվով զիջել էր Բելառուսին։
Այս ֆոնին Հայաստանի և Մոլդովայի միջև առաջիկա դիմակայությունը կարող է լավ հնարավորություն դառնալ երկու թիմերի համար՝ բարելավելու տրամադրությունն ու ստուգելու սեփական հնարավորությունները մինչև աշնանային պաշտոնական հանդիպումները։

